Երգիչ, երգահան Րաֆֆի Ալթունյանին ESem.am-ն անդրադառնալու առիթ ունեցել է: Րաֆֆին շարունակում է ստեղծագործել ու հանդիսատեսին ներկայանալ նոր աշխատանքներով: Օրեր առաջ նա ներկայացրեց «C днем рождения, Ростов» հեղինակային երգի տեսահոլովակը: Իսկ, թե ինչո՞ւ է երգում Դոնի Ռոստովի մասին և ինչո՞ւ է այն իր հայրենիքը համարում (համենայն դեպս, այդպես է երգում), պատմել է ESem.am-ին:

 

 

Երգիչը նշեց, որ մոտ 20 օր առաջ է մեկնել Դոնի Ռոստով, որպեսզի մասնակցի սեպտեմբերի 20-ին նշվող քաղաքի օրվա տոնակատարություններին, ինչպես նաև տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին: «Պատվիրատուները բացի այն, որ պատվիրել էին ինձ երգ գրել Ռոստով քաղաքի օրվա մասին, նաև ցանկացել էին, որ ես կատարեմ այն»,- ասաց երգիչը: 

 

 

Անդրադառնալով փաստին, որ երգում նշվում է, որ  Ռոստովն իր հայրենիքն է՝ նա ասաց. «Ոչ Ռոստովը, ոչ էլ մեկ այլ քաղաք երբևիցե չի կարող դառնալ և լինել իմ հայրենիքը, քանզի իմ հայրենիքն իմ տունն է: Երգի այն տողերը, որոնք գովաբանում են Ռոստով քաղաքը, կարծում եմ, տրամաբանական է, քանի որ երգը նվիրված է հենց այդ քաղաքին: Երգում կան տողեր, որոնք ես արտահայտում եմ իմ ռոստովաբնակ ընկերների անունից, ովքեր հայ են, բայց ծնվել են Ռոստովում»:

 

 

Րաֆֆու փոխանցմամբ՝ այնպես է ստացվել, որ հենց ինքն է նկարահանել տեսահոլովակը ռոստովաբնակ պրոդյուսեր Արմեն Երիցյանի օգնությամբ, ով զբաղվել է տեսահոլովակի ստեղծման բոլոր հարցերով: «Երգի գործիքավորումը արել է Գարիկ Գևորգին, հնչունային ռեժիսորն Ասատուր Դեմիրճյանն է, իսկ օպերատոր-մոնտաժողը՝ Ջոն Ջալավյանը»,-եզրափակեց երգիչը:

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը