ESem.am-ը շարունակում է հայտնիներին ներկայացնել նրանց մայրիկների աչքերով:) Այս անգամ զրուցել ենք դերասանուհի Շուշաննա Թովմասյանի մայրիկի` տկն Ազատուհու հետ, ում փոխանցմամբ, Շուշաննան բավականին հանգիստ, հավասարակշռված, սուսիկ-փուսիկ երեխա է եղել:


«Շատ էր սիրում խաղալ, կարող էր ժամերով հանգիստ խաղալ: Իր անկյունն ուներ, խաղալիքները շարում էր, դուռը փակում, որ իրենք չխանգարենք ու սկսում էր խաղալ, զրուցել իր խաղալիքների հետ,- հիշեց դերասանուհու մայրն ու հավելեց-Մինչ օրս էլ, երբ Շուշաննան տանն է, եթե իրեն ձայն չտամ, չենք էլ նկատի, որ տանը մարդ կա»: Տկն Ազատուհին նշեց, որ չնայած այդ ամենին` դուստր ինքնամփոփ չի եղել:

 

«Շուշաննային չճանաչող մարդիկ կարող են կարծել, թե նա սուսիկ-փուսիկ, քիչ շփվող մարդ է, իրականում իրեն հարազատ մարդկանց շրջապատում նա չափազանց ակտիվ ու շատախոս է, անսպառ խոսում է ու ստիպում է, որ նստես, իրեն նայես, ոչ թե գործ անելով իրեն լսես:)»,- նշեց մայրը:

 

 

Դստեր մանկությունից տկն Ազատուհին հիշեց, որ փոքր տարիքում նա բավականին լացկան է եղել. «Կարպրիզներ չի ունեցել, բայց երբ ինչ-որ բան ուզում էր, ու մենք դա չէինք անում, լուռ, մի տոնի վրա լացում էր»:

 

Զրույցի ընթացքում դերասանուհու մայրն անընդհատ տիկնիկ էր անվանում նրան, ինչն ունի իր նախապատմությունը. «Նոր ծնված ժամանակ Շուշաննան թխամորթ էր, բոլորս զարմացել էինք, թե ինչպես է ստացվել, որ մեր տղան սպիտակամորթ է, աղջիկը` թուխ: Քառասունքից դուրս գալուց հետո փոխվեց ու մանկուց սլավոնական արտաքին ուներ, մանավանդ փոքր տարիքում տիկնիկի տեսք ուներ»:

 

Մայրը նշեց, որ ինքն այն մանկապարտեզի տնօրենն էր, ուր հաճախել են իր երեխաները: «Բոլորը շատ էին սիրում Շուշաննային, սակայն ոչ որովհետև տնօրենի երեխան է, պարզապես տիկնիկի պես սիրելով ձեռքից ձեռք էին տանում: Ինքն էլ, առիթից օգտվելով, քնելու ժամին չէր ցանկանում քնել բոլոր երեխաների հետ, լացում էր: Դայակները գալիս, ասում էին` չի քնում, բերենք կաբինետում մնա ու այդպես հասնում էր իր ուզածին»,- հիշեց մայրը:

 

 

Թեև Շուշաննան բավականին հանգիստ երեխա է եղել, մանկական քաջագործություններ նա էլ է արել :) 5-6 տարեկանում դերասանուհին շատ է ցանկացել մազափունջ ունենալ, սակայն ծնողները չեն թույլատրել: Շուշաննան որոշել է չհանձնվել ու ինքնագործունեություն սկսել, արդյունքում բավականին կարճ մազափունջ է ունեցել:) «Ես ու ամուսինս նկատեցինք, որ նա կտրել է մազերը ու նիվիդիմկաներով քողարկել է կտրածը: Հայրը կանչեց, ասաց` բալես արի տեսնեմ ի՞նչ ես արել մազերդ, չոլկա՞ ես կտրել, պատասխանեց` չէ, պապա, չեմ կտրել: Ես ու հայրն իրար աչքով արեցինք, ու հայրը զայրացած տոնով ասաց` չե՞ս ամաչում, էս ի՞նչ ես արել, բա պուճուր երեխան սենց բան կանի՞:

 

Շուշաննան քիթը կախեց ու ոչ մի կերպ չխոտովանեց, որ  մազերը կտրել է: Զգացինք, որ հիմա սկսելու է լացել, հայրը փոխեց քաղաքականությունը, ասաց` դե լավ կտրել, կտրել ես, ի՞նչ ես ուզում դառնալ: Շուշաննան ասաց` մոդել ու սկսեց թիթիզանալով քայլել, ասաց` պապ, որ մեծանամ, կթողնե՞ս մազերս ներկեմ, ֆենեմ շպարվեմ… հայրն ասաց, այ որ մազերդ կտրած չլինեիր, կֆենեիր: Մեկ էլ Շուշաննան ասաց` հա պապա, ոչինչ, ես ուզում էի սիրուն կտրեի, թեք եղավ ու այդպես միայն խոստովանեց, որ կտրել է մազերը»,- պատմեց մայրն ու հավելեց, որ աղջիկը կտրած մազերը պահել էր ննջարանի պահարանի խորքում, որ ինքը չտեսնի:

 

 

Մի ուրիշ անգամ Շուշաննան մի լավ վախեցրել է մայրիկին: Հոր մահվանից հետո, երբ մայրն աշխատանքի էր գնում, քույր ու եղբայր մենակ էին մնում տանը: «Ես պարբերաբար զանգահարում էի, տեսնեի ինչպես են: Մի օր զանգեցի, պատասխան չկար, խնդրեցի, որ հարևանը դուռը թակի, իմանա` Շուշաննան ինչո՞ւ չի պատասխանում: Դուռն էլ չէր բացել, տղաս էր եկել տուն, սակայն չէր կարողացել դուռը բացել, որովհետև բանալին ներսից մեջն էր, ինչը նշանակում էր, որ Շուշաննան տանն է:

 

Ես արդեն այնքան վատ էի, որ արդեն չէի էլ կարողանում աշխատանքից գալ տուն, չնայած բավականին մոտ էր: Ի վերջո, հարևանը պատշգամբից մտնում է տուն, ու պարզում, որ Շուշաննան ընդամենը քնած էր»,- հիմա արդեն ծիծաղելով հիշեց մայրը: Նրա խոսքով` դուստրը մինչև հիմա էլ սիրում է քնել: «Ի դեպ, նույն դեպքը նույն սցենարով կրկնվել է նաև մեկ տարի անց»,- ավելացրեց նա:

 

Տկն Ազատուհին հիշեց նաև Շուշաննայի առաջին քայլերը դպրոցում: Այդ ժամանակ իրենք Ռուսաստանւմ են եղել, դերասանուհին միայն այո, ոչ և մի քանի այլ բառ գիտեր ռուսարեն, սակայն մայրը նրան ռուսական  դպրոց է ընդունել: «Մի օր դասից եկավ տուն, քիթ ու մռութը կախած էր` «նեխած փիսոյի» նման: Նստեցինք, որ դասերը սովորենք, սկսեց լացել, ասում է` մամա ես չեմ հասկանում, թե դասատուն ինչ ա ասում»,- ասաց մայրն ու հավելեց, որ ի զարմանս իրենց` մեկ ամիս անց Շուշաննան արդեն լավ խոսում էր ռուսերեն, ինքնուրույն պատասխանում էր դասերը:

 

 

Անդրադառնալով դստեր և որդու հարաբերություններին` տկն Ազատուհին նշեց, որ նրանց տարիքային տարբերությունը 3 տարի է: «Եղբոր հետ շուն ու կատվի նման էին, սակայն տանն ապրող շուն ու կատվի. և՛ գզվում էին իրար հետ, և՛ միասին տուն էին հավաքում, գործ էին անում: Երբևէ չի եղել, որ աշխատանքից գամ, ու տանն անկարգ վիճակի լինի»,- շեշտեց նա` հավելելով, որ քույր ու եղբայր ունեին խաղալու իրենց տարբերակը:

 

«Մի անգամ եղբայր ու քույր բաժնի պետ-աշխատող էին խաղում, իրենց համար աշխատանքային սեղան էին պատրաստել, հեռախոսներ էին դրել սեղանին: Տղաս ոտքերը դրել էր սեղանին, հեռախոսով զանգում էր Շուշաննային, հանձնարարություններ տալիս: Մեկ էլ տեսնեմ` Շուշաննայի ձայնը դուրս եկավ, պարզվում է` Արմանը քանոնով խփել էր գլխին, որովհետև հանձնարարություերը չի արել: Ասում է` մամա, որ բաժնի պետը հանձնարարություն է տալիս, չես անում, քանոնով խփո՞ւմ է քո գլխին:) Բացատրեցի, որ այդպես չի լինում»,- հիշեց մայրը:

 

 

Ի դեպ, տկն Ազատուհին նշեց, որ Շուշաննան մինչ օրս վախենում է վառել գազօջախը: «Եթե հատուկ կրակայրիչներով չկարողանա վառել գազը, կարող է սոված մնալ այնքան ժամանակ, մինչև գամ տուն, վառեմ գազը»,- ասաց նա ու հավելեց, որ չգիտի` ինչն է պատճառը, գուցե փոքր տարիքում վառել է ձեռքն ու վախ է առաջացել մոտը:

 

Տկն Ազատուհու խոսքով` Շուշաննան ներքուստ բավականին ուժեղ է, ինչում ինքը համոզվել է այն բանից հետո, երբ դուստրը քայլերն է արել դերասանական ասպարեզում: Ի դեպ, մայրն ի սկզբանե դեմ է եղել, որ Շուշաննան աշխատի այս ոլորտում, քանի որ կարծել է, թե դուստրը չի դիմանա այդ ռիթմին: «Նկարահանման ընթացքում, երբ տեսա, թե ինչպես է ինքն աճում, կայանում, հասկաց, որ բավականի ուժեղ է»,- եզրափակեց դերաանուհու մայրը:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը