Թուրքական HaberTurk հեռուստաալիքի «Պատմության հետին սենյակը» ծրագրի հեղինակ Մուրադ Բարդաքչըն տուգանվել է Թուրքիայի Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհրդի կողմից եթերում Քիմ Քարդաշյանի հետույքի մասին խոսելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

 

Սեպտեմբերի 6-ի հաղորդման ժամանակ Բարդաքչըն պատմել էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի` ազգությամբ հայ լինելու մասին և ցուցադրել նրա կատարմամբ հանրահայտ երգի տեսահոլովակ: Երգի հնչելուց հետո ծրագրի ինտերնետային հասցեին և հաղորդավարի հեռախոսահամարին ունկնդիրները հաղորդագրություններ են ուղարկել և դժգոհել հայերեն երգ հնչեցնելու համար:

 

Դրան ի պատասխան` Բարդաքչըն ուղիղ եթերում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ևս 2 հայերեն երգ է հնչեցնելու: Միաժամանակ նա ասել է. «Քիմ Քարդաշյանի մեծ հետույքին եք նայում, նա էլ է հայ: Ինչո՞ւ եք հայի հետույքին նայում»:

 

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը հաղորդավարի նման խոսքերը եթերային չի համարել և սահմանել է տուգանք 600 հազար թուրքական լիրայի (շուրջ 267 հազար ԱՄՆ դոլար) չափով: