Հայերի սրտում առանձնահատուկ տեղ զբաղեցնող և հազարամյակների պատմություն ունեցող դուդուկը մոգական ուժով ազդում է ունկնդրի վրա: «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում հայկական երաժշտական գործիքների մասին հարցազրույցների շարքի հերթական զրույցը կես դար դուդուկ պատրաստող վարպետ Միխայիլ Սադոևի հետ:


-Ինչպե՞ս եք սկսել Ձեր ճանապարհը այս բնագավառում:


-Մենք յոթ երեխա ենք, համարյա բոլորս էլ գնացել ենք մեր հոր հետքերով՝ նա հրաշալի դուդուկահար էր: Սսորի ենք ու ապրել ենք Արտաշատի շրջանի Դիմիտրով գյուղում: Մեծ եղբայրս ուդի մասնագետ է, ես` փողային գործիքների, մեր փոքր եղբայրներից մեկը Թաթուլ Ալթունյանի անվան համույթում դուդուկահար էր, մյուս եղբայրս հրաշալի կլարնետահար և նվագել է տարբեր համույթներում, մեր երկու քույրերից մեկը լավ երգում էր:

 

Մեր հոր` արվեստի մարդու համար, անկախ ժամանակներից, երբեք հեշտ չի եղել յոթ երեխա պահել: Ես ու եղբայրս, բացի նվագելուց, մասնագիտացանք նաև գործիքների պատրա ստման ոլորտում: Սկսեցի եղեգնից ու արդեն հետո անցա ծիրանենուց դուդուկ պատրաստելուն և այլ նյութերից սկզբունքորեն չեմ պատրաստում:

 

-Իսկ որտե՞ղ եք սովորել նվագել փողային գործիքներ:


-Նվագելու իմ միակ «ուսուցիչը» եղել է նվագարկիչը, որի միջոցով լսում էի Վաչե Հովսեփյանին, Ջիվան Գասպարյանին, Վլադիմիր Հարությունյանին, Կարո Չարչօղլյանին և այլ երաժիշտների: Երաժշտական մասնագիտական կրթություն ստացել եմ ավելի ուշ`մինչև գործիքներին տիրապետելս ու դրանք պատրաստել սկսելս: Արդեն տարիների փորձ ունեի, երբ 1987 թ. սկսեցի սովորել ուսումնարանում, քանի որ պետական համույթներում նվագող դուդուկահարները պետք է համապատասխան երաժշտական կրթություն ունենային:

 

-Իսկ դուդուկի ասպարեզում ու՞մ եք համարում Ձեզ համար առավել մեծ հեղինակություն:

-Դուդուկի կայացման մեջ մեծ ներդրում է կատարվել Վաչե Հովսեփյանի և դուդուկի վարպետ Կառլեն Հովսեփյանի համագործակցությամբ: Նախկինում նվագարանները չէին լարվում, իսկ նրանց շնորհիվ դուդուկն սկսեց լարվել: Առաջին հայացքից, յուրաքանչյուր խառատ կարող է պատրաստել դուդուկ, սակայն այն չի նվագի՝ անհրաժեշտ է հատուկ հմտություն:

 

Առաջներում ձայնը փոխելու համար դուդուկի անցքերը լայնացնում էին, իսկ Կառլեն Հովսեփյանի շնորհիվ դրանք ստացան հստակ ձայնային գամմա՝ յուրաքանչյուր գործիքի տակ որոշակի խորությամբ փոսիկներ փորելով:

 

Ես ինքս պատրաստում եմ տասներեք տարբեր լարվածքի դուդուկ: Որքան դուդուկի փողը կարճանում է, այնքան հնչող ձայնի նոտան բարձրանում և հակառակը՝ որքան երկար է այն, այնքան ավելի թավ ձայն է արտաբերում:

 

-Իսկ ումի՞ց եք սովորել գործիք պատրաստելու արվեստի գաղտնիքները:


-Ամեն ինչ ինքնուրույն եմ սովորել անել, ինձ ոչ մեկը չի սովորեցրել այդ արհեստի հմտությունները: Միայն այստեղից, այնտեղից ինչ լսել եմ, աշխատել եմ չմոռանալ: Վարպետները մի սովորություն ունեն՝ չեն սիրում կիսել իրենց փորձն ու գաղտնիքները ուրիշների հետ: Իսկ ես վերցնում էի պատրաստի դուդուկը և մանրամասն ուսումնասիրելով` սովորում էի ինքնուրույն պատրաստել, սեփական փորձով գտնել գաղտնիքները: Չէ՞ որ հիսնականների սկզբին դուդուկի պատրաստման մասնագիտական ձեռնարկ չկար:

 

-Իսկ այսօր Դուք հետնորդներ պատրաստո՞ւմ եք:


-3-4  տարի առաջ, Մշակույթի նախարարության կողմից իրականացվող ազգային նվագարանների զարգացման ծրագրի շրջանակներում, ինձ մոտ խոր գիտելիքներ ստացան վեց երեխա, որոնց սովորեցրեցի դուդուկի պատրաստման տեխնոլոգիան: Սակայն, կարծում եմ, այդ վեցից միայն մեկը հեռանկար ունի: Ցավոք, այսօրվա երիտասարդությունը չի ցանկանում փոշոտվել: Դուդուկ պատրաստելը նախ արհեստ է, և հետո նոր դառնում է արվեստ:

 

-Դուդուկ պատրաստելու ինչպիսի՞ պարտադիր կանոններ կան:


-Նախ, որքան ծիրանենին տարիքով է, այնքան փայտի գույնը մուգ է լինում և դրանից պատրաստած դուդուկի ձայնն ավելի հնչեղ: Ծառը կտրելուց հետո պետք է առնվազն վեց ամիս չորացնել արևի ուղիղ  ճառագայթներից հեռու: Դուդուկ պատրաստելիս մասնագետներն աշխատում են հեռու մնալ միջուկից, քանի որ այն փխրուն է, և հատկապես դուդուկի դեպքում կեղևին մոտ գտնվող հատվածից՝ այն շուտ է ճաքում:

 

-Հե՞շտ եք բաժանվում պատրաստած գործիքներից:


-Ես իմ գործիքները սկզբունքային չեմ վաճառում Վերնիսաժում, այնտեղ արվեստագետը միշտ թերագնահատում է իր գործիքների իրական արժեքը: Ես ափսոսում եմ իմ գործիքը վաճառել մեկին, ով չի նվագելու այն, այլ որպես հուշանվեր պահելու է տանը: