«Գրական տապան 2014» միջազգային փառատոնի շրջանակում Բրիտանական խորհրդի աջակցությամբ սեպտեմբերի 18-ից 23-ը Հայաստան կայցելի հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բրիտանական խորհրդի մամուլի ծառայությունից, մանկագրության և վիպագրության բնագավառում բազմաթիվ մրցանակների արժանացած և տասը գրքի հեղինակ Մեգ Ռոսոֆը Հայաստանում կմասնակցի փառատոնի ծրագրերին, ՀՀ անկախության առթիվ կազմակերպվող տոնակատարություններին, կանցկացնի վարպետության դասընթացներ ու կհանդիպի ընթերցողների հետ:

 

Այցի շրջանակներում Մեգ Ռոսոֆը կհանդիպի ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ ու կանցկացնի վարպետության դաս «Creative Writing» թեմայով: Հանրահայտ գրողը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի սրահում կհանդիպի նաև հայ գրողների և ընթերցողների հետ:


Մեգ Ռոսոֆը ծնվել է 1956 թվականին Բոստոնում: Սովորել է Հարվարդի համալսարանում, ինչպես նաև Սուրբ Մարտինի արվեստների դպորցում: Շուրջ տասը տարի Նյու Յորքում աշխատել է հրատարակչության, լրագրության և գովազդի բնագավառում, որից հետո տեղափոխվել է Անգլիա, ուր և ապրում է մինչ օրս:

 

Նրա առաջին`«Ինչպես եմ հիմա ապրում» վեպն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` Guardian Children's Fiction մրցանակի: Վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ: Այն պատմում է անգլիական գյուղական տեղանքում արձակուրդն անցկացնող աղջկա մասին, ով ստիպված է պայքարել իր գոյատևման համար, երբ սկսվում է պատերազմը: Ռոսոֆի երկրորդ`«Ամեն դեպքում» վեպը 2007 թվականին արժանացել է Կարնեգի մեդալի: 2014 թվականին լույս է տեսել «Picture Me Gone» վեպը:

 

«Գրական Տապան»-ը միջազգային փառատոն է, որի նպատակն է գրողների միջև համագործակցություն զարգացնելը, ընթերցողներին գրողների ստեղծագործություններին ծանոթացնելը, ինչպես նաև գրականության մեջ առկա խնդիրները վերհանելն ու լուծումներ գտնելը: Փառատոնը հյուրընկալում է աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչների, ովքեր փառատոնի շրջանակում ներկայացնում են իրենց ստեղծագործությունները, անցկացնում են դասախոսություններ, վարպետության դասեր, մասնակցում կլոր սեղանների, գրքերի շնորհանդեսների և մի շարք այլ գրական միջոցառումների: