«Մանկական եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը կանցկացվի սեպտեմբերի 14-ին` ժամը 19:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, Հանրային հեռուստաընկերության «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 87 հայտ` Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, Արցախից: Հայաստանյան նախընտրական փուլը հաղթահարել է 10 մասնակից:


Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն Նարեկ Վարդանյանն` «Աշուն», Մերի Քոչարյանը` «Չի կարելի», Էլինան և Արմանը`  «Galaxy», Կարեն Օհանյանը և Միկան` «Shine out»,  Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան)` «People of the sun», Միկան` «Մանկության խորհուրդ», Mery M-ն` «#Peace», Յունան` «Walk around», Srbuhi feat. DDJ-ը` «Զուռնա» և Սյուզի Հարությունյանը` «I dream» երգերով: 

      

Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: «Մանկական եվրատեսիլ 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին, Մալթայում: Մրցույթի մասնակից պետություններն են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները և Ուկրաինան:

 

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ Առաջին անգամ մեր երկիրը ներկայացրել է «Արևիկ» խումբը, որը գրավել է երկրորդ հորիզոնականն` առաջինից ընդամենը 1 միավոր տարբերությամբ։ 2008-ին Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Լուարա Հայապետյանը իր «Բարսելոնա» երգով 2009 թվականին Կիևում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

 

2010-ին Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով հավաքեց 120 միավոր և հաղթանակ բերեց Հայաստանին։ Հաջորդ տարի Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ»-ը Երևանում։ Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան իր «Welcome to Armenia» երգով 13 երկրների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ 2012-ին Compass Band-ը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականն իր «Sweetie Baby» երգով։ 2013-ին Մոնիկա Ավանեսյանը գրավեց 6-րդ հորիզանականը: