ATV հեռուստաընկերությամբ շուտով կսկսվի 88 մասից բաղկացած նոր հեռուստաֆիլմ, որի պրոդյուսերը դերասան Աբել Աբելյանն է: «Կյանքից առավել» կոչվող ֆիլմը եթերում կլինի սեպտեմբերի 15-ից: Հեռուստաֆիլմի մասին առաջին մանրամասները Աբելը վստահել է ESem.am-ին :)


««Կյանքից առավել» կարող է լինել ընտանիքը, սերը, ընկերությունը… կարծում եմ` հետաքրքիր վերնագիր է ֆիլմի համար»,- ասաց Աբելն ու հավելեց, որ իր կարծիքով նախագիծը շատ լավն է:

 

 

Հեռուստասերիալում նկարահանվում են Սուրեն Թումասյանը, Ժաննա Հովակիմյանը, Ժենյա Մկրտումյանը, Լիա Զախարյանը և այլք: «Մի քանի պրոֆեսիոնալ դերասաններ են լինելու և "Casting School"–ի աշակերտները: Մեր սաներից են լինելու նաև ռեժիսորի, օպերատորի օգնականները»,- հայտնեց պրոդյուսերն ու հավելեց, որ բավականին լուրջ քասթինգ է անցկացրել և ընտրել է ստուդիայի լավագույն սաներին:

 

 

Աբելից հետաքրքրվեցինք` արդյոք մտավախություններ չունի` հաշվի առնելով, որ սաներն անփորձ են: «Իհարկե, ցանկացած  նախաձեռնություն սկսելիս կա ռիսկի գործոն, բայց տեսնենք… ես վստահ եմ իմ աշակերտների ու ինձ հետ աշխատող թիմի ուժերի վրա: Հիմնական սյուները` թե՛ նկարահանողները, թե՛ մոնտաժողները, թե՛ գլխավոր դերակատարները պրոֆեսիոնալ են և, բնականաբար, կօգնեն մյուսներին: Դիտելով մեր շատ ու շատ հեռուստասերիալներ` տեսնում ենք, որ շատ մարդիկ են նկարահանվում, ովքեր ուսում չունեն, այս երեխաները գոնե փողոցից չեն բերվել, ունեն որոշակի կրթություն, մեծ ձգտում»,- նշեց դերասանը:

 

 

Աբելի խոսքով` աշխատանքի մի մասն արդեն արել են: «Սցենարի սինոփսիսը կա. մենք գիտենք` որ հերոսի հետ ինչ է լինելու, սակայն դիալոգները հընթացս կգրվեն` հաշվի առնելով ռիսկի գործոնը: Ընթացքում կփորձենք մեր ձեռքը զարկերակին պահել, որպեսզի կարողանանք փոփոխություն անել, եթե դրա կարիքը լինի»,- ասաց հեռուստասերիալի պրոդյուսերը:

 

 

Ինչ վերաբերում է ներկայացմանը, որը պետք է խաղային Աբելի ստուդիայի սաները, դերասանը նշեց, որ պիեսը դեռ մշակման փուլում է, հավանաբար, այն կներկայացնեն մեկ ամսից: «Մտածում եմ` ավելի լավ է մի քիչ ձգձգվի, բայց վատը չլինի»,- եզրափակեց նա:

 

 

 

 

 




Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը