Ամուսին դերասաններ Լիդիա Գրիգորյանն ու Գագիկ Մկրտչյանը ամառային արձակուրդներն ընկերների հետ անցկացրել են Հունաստանի Ռոդոս կղզում: Լիդիային ու Գագոյին, բացի իրենց մեկամյա որդուց, ուղեկցել են նաև ընկերները` դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն, 2014-ի եվրատեսիլյան  տեսահոլովակից հայտնի Վահագն Մարտիրոսյանն ու հաղորդավար Նարեկ Քթոյանը: «Սկզբում մտածում էինք ընկերներով Անթալիա, Եգիպտոս կամ Հունաստան գնալ, բայց արդյունքում որոշեցինք ակտիվ հանգիստ ունենալ Ռոդոս կղզում: Շատ էինք լսել, որ այն Հունաստանի մարգարիտն է, շատերն են գնում այնտեղ ու այն հայտնի է իր տեսարժան վայրերով»,- ESem.am-ի հետ զրույցում  ասաց Լիդիան:

 

 

Ըստ նրա՝ տասը օր մնալով այնտեղ` մշակութային հանգիստ են անցկացրել: Լիդիայի խոսքով`լիարժեք չի հանգստացել, քանի որ փոքրիկ Էդուարդը իրենց հետ է եղել ճամփորդության ընթացքում: «Ինձ համար անհանգիստ հանգիստ էր, բայց առանց երեխայի էլ չէի կարող մեկնել. նրա հետ մեր առաջին հանգիստն էր»,- ավելացրեց Դրամատիկական թատրոնի դերասանուհին: Նրա խոսքով՝ որդին ընդհանրապես չի վախեցել ջրից և իրենց հետ հավասար վայելել է հյուրանոցի լողավազանն ու ծովը:

 

 

Լիդիայից պարզեցինք նաև, որ ընկերների հետ հանգիստն արկածներով լի է եղել. առավոտներն անցել են ընկերներին արթնացնելով: «Ամեն առավոտ Գագոն ու որդիս փորձում էին քնից հանել Դիանային, Վահագնին ու Նարեկին. Արդյունքում՝ ջրոցի էր սկսվում, իսկ վերջին օրը Գագոն ատամի մածուկով ներկեց ու արթնացրեց Դիանային»,- պատմեց դերասանուհին:

 

 

Լիդիան պատմեց, որ շատ են շրջել Ռոդոսով, մասնակցել արշավների ու ծանոթացել տեղի տեսարժան վայրերին: «Տասը օրերի ընթացքում հասցրել ենք տարբեր վայրերում լինել: Եղել ենք երկու` Էգեյան և Միջերկրական ծովերի միացման վայրում, որտեղ մի կողմում հանդարտ ծովն էր, մյուսում` ալեկոծը: Եղել ենք նաև յոթ տարբեր տեղերից եկող ու ջրվեժի նման թափվող մի վայրում, որի ներքևի հատվածում թունել էր:

 

Մենք ոտաբոբիկ անցել ենք այդ թունելով ու գիդի օգնությամբ պարզել, որ այդտեղով անցնելիս տղամարդիկ մաքրվում են մեղքերից, իսկ կանայք յոթ տարով երիտասարդանում: Բացի դրանից, եղել ենք 1400-ականներից պահպանված մի ամրոցում, որտեղ մարդիկ էին բնակվում: Այնտեղ նաև խանութներ կային ու դարպասներից մտնելիս զգում էիր դարերի շունչը»,- հունական Ռոդոսով տպավորված՝ ներկայացրեց դերասանուհին:

 

 

Ըստ նրա` Ռոդոսում զարգացած է կավագործությունը և իրենք էլ հնարավորություն են ունեցել ծանոթանալու կավից պատրաստվող հուշանվերներին: «Եղել ենք նաև այն վայրում, որտեղ ժամանակին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Հելիոս աստծուն նվիրված 40 մետր բարձրությամբ արձանն է գտնվել, որը, ցավոք, չի պահպանվել»,- ափսոսանքով հավելեց Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիան:

 

 

 

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը