ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հայտնի դաշնակահար Ջոզեֆ Պարատորեի հրավերով՝ դաշնակահար Լևոն Մանասերյանը (պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարան) հուլիսին, Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում մասնակցել է «Մոցարտեում» միջազգային ամառային ակադեմիայում կազմակերպված վարպետության դասերին:


Վարպետության դասերի շրջանակում երիտասարդ դաշնակահարը Ջ. Պարատորեի դասարանական համերգին կատարել է Յ. Ս. Բախի Ռե մինոր «Խրոմատիկ ֆանտազիան և ֆուգան»: Վարպետության դասերի եզրափակիչ համերգին՝ Ջոզեֆ Պարատորեի տասնմեկ հոգանոց բազմազգ դասարանը ներկայացրել է Հայաստանի պատվիրակը՝ կատարելով Արամ Խաչատրյանի «Տոկատը»:


Վարպետության դասերին ակտիվ մասնակցության համար Լևոն Մանասերյանին շնորհվել է դիպլոմ:Լևոն Մանասերյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող է, մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր և մեդալակիր:

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ` վերջերս նա մենահամերգներով հանդես է եկել Բրյուսելում՝ կատարելով Յ. Ս. Բախի, Լ. Վան Բեթհովենի, Ա. Խաչատրյանի, Գ. Սարաջևի ստեղծագործությունները: Համերգի ընթացքում նա կատարել է նաև սփյուռքահայ կոմպոզիտոր Հ. Բոյաջյանի «Հայկական երգ» դաշնամուրային պիեսը, որն առաջին անգամ էր հնչում Եվրոպայում: Համերգները ջերմորեն են ընդունվել օտարազգի ունկնդրի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից: