Ավարտվել է «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 14-ին Առաջին ալիքի եթերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, Հանրային հեռուստաընկերության «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 87 հայտ. ընտրական փուլին կներկայացվեն դրանցից լավագույնները:


Ընտրություն կատարելիս հաշվի կառնվի ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետություններն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Նիդերլանդներ եւ Ուկրաինա:

 

Մրցույթը հյուրընկալող երկրի՝ Մալթայի համար ընթացիկ տարին խորհրդանշական է, քանի որ այն հոբելյանական է անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաև Եվրոպական միությանը անդամակցելու առիթով: Առաջին անգամ «Մանկական եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում:

 

Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խարհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արեւամուտը: