Այս տարի փետրվարին համացանցում մեծ աղմուկ էր բարձրացել. ադրբեջանցի մի երգչուհի «Ալեկոծվեց Սև ծովը» անվան տակ կատարում էր Սայաթ-Նովայի «Քամանչա» երգը: Ադրբեջանցիները փրփուրը շուրթերին փորձում էին համոզել, որ երգը մաքուր ադրբեջանական է, հայերը՝ զարհուրում էին հերթական անգամ Սայաթ-Նովայի և քամանչայի նկատմամբ հարևանների ոտնձգություններից: Միայն մեկ ադրբեջանցի արվեստագետ խոստովանեց, որ երգի իրական հեղինակը հայ է:

 

Հայերիս համար Սայաթ-Նովան ու քամանչան միշտ հատուկ նշանակություն են ունեցել: Իհարկե, այսօր հայկական ազգային երաժշտական գործիքների պահանջարկը, դասական գործիքների հետ համեմատած, այնքան էլ մեծ չէ, սակայն կան մարդիկ, ովքեր պատրաստում, նվագում են քամանչա և երիտասարդ սերնդին փոխանցում սերը դեպի այդ գործիքը: Այսպիսի նվիրյալներից է Արշակ Իսախանյանը:

 

 

Արշակը փոքր տարիքում ուղեկցում էր քանոնի վրա նվագող քրոջը, ով  Գորիսի ժողգործիքների համույթի կազմում ելույթ էր ունենում Սյունիքի տարբեր համայնքներում: Այնտեղ տղան տեսնում է, թե ինչպես է վարպետը նվագում քամանչա և այդպես սիրահարվում է այդ գործիքին: 


«Արմենպրեսը»  ներկայացնում է քամանչահար և քամանչաներ պատրաստող վարպետ Արշակ Իսախանյանի հետ հարցազրույցը` Հայկական երաժշտական գործիքների շարքի շրջանակում:

 

-Քանի՞ տեսակի նյութ է օգտագործվում քամանչա պատրաստելիս:

-Գրիֆը պատրաստում են ընկույզի, թթենու և ծիրանենու փայտից: Ընկույզը տալիս է թավ ձայն, ծիրանը՝ հնչեղ, զրնգուն, թութը՝ մելամաղձոտ: Դա բացատրվում է փայտի խտությամբ՝ որքան այն մեծ է, այնքան ձայնն ավելի հնչեղ է ստացվում:

 

Լարերը այսօր մետաղական են, իսկ նախկինում, հավանաբար, կենդանու աղիքից կամ կաշվից են եղել: Օրինակ, ինձ մոտ կա 1914 թ. պատրաստած գործիք, որի բոլոր փարդաները /լադերը/ եղել են կաշվից: Ներսում գրված է թառային արվեստանոցի համարը, Ելիզավետպոլ քաղաք`այսօրվա Կիրովաբադը, հասցեն և վարպետի անունը՝ Ներսես Քաջիյանց:

 


- Քամանչայից բացի, էլ  ի՞նչ գործիքներ եք պատրաստում:

-Պատրաստում եմ նաև թառ, սա ավելի աշխատատար է: Եթե քամանչան փայտի զանգվածից կարելի է պատրաստել մեքենայի օգնությամբ, ապա թառի չանախի միջի խոռոչը հնարավոր է պատրաստել միայն ձեռքով: Որպեսզի հետագայում գործիքը չճաքի, չանախը պատրաստվում է փուլ առ փուլ փորելով և չորացնելով, դա արվում է մի քանի անգամ, որպեսզի հետագայում գործիքը չչորանա, չդեֆորմացվի:

 

-Ե՞րբ եք պատրաստել ձեր առաջին գործիքը:

-1989 թվականին: Ծնունդով Գորիսից եմ, սակայն սկզբում ավարտել եմ Կապանի երաժշտական ուսումնարանը: Այդ ժամանակ գործիքս լավը չէր, իսկ Երևան գնալ-գալու ժամանակ չկար: Դա դարձավ առիթ, որ որոշեի ինքնուրույն քամանչա պատրաստել: Մի փայտամշակման արհեստանոցում հանդիպեցի ընկուզենու կոճղեր: Դիմեցի վարպետներին, ովքեր երաժշտական գործիքների պատրաստման փորձ չունեին, սակայն օգնեցին ինձ պատրաստել իմ քամանչյան, որը մինչ օրս նվագում եմ: Այն Զանգեզուրի սեւ ընկուզենուց է պատրաստված:

 

 Ուսումնարանն ավարտելուց հետո ծառայեցի խորհրդային բանակում, իսկ բանակից վերադառնալուց ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սակայն քիչ անց սկսվեց Արցախյան պատերազմը: Ամաչում էի  միայն այն մտքից, որ պատերազմական օրերին տունը պետք է թողնեմ ու գնամ Երևան սովորելու, մինչդեռ ամեն պահ իմ անհրաժեշտությունը Գորիսում կարող է զգացվել:

-Դուք մասնակցե՞լ եք պատերազմին:

-Ամեն պահ կանչում էին դիրքեր: Սկզբնական շրջանում, երբ կային թաղամասային ջոկատներ, ես մասնակցում էի, սակայն, երբ արդեն ձևավորվեց բանակ, արդեն մի կողմ քաշվեցինք ու ամեն պահ  սպասում էինք, թե երբ կկանչեն: Պատերազմի ընթացքում Գորիսի «Մթնաձոր» համույթով համերգներով հասել ենք մինչև Հադրութ: Այնուհետև աշխատում էի Գորիսի մանկավարժական ուսումնարանում որպես հարմոնիայի, քամանչայի, շվիի դասախոս:

 

-Ինչպե՞ս տեղափոխվեցիք Երևան:

-Պատերազմի ավարտից հետո Արա Գևորգյանը հայտարարություն տարածեց, որ մարզերից երաժիշտների հրավիրում են նորաստեղծ համույթ: Իր մտահղացմամբ ստեղծված «Ազգային նվագարանների պետական նվագախումբում»  աշխատում եմ ստեղծված օրից մինչև այսօր: Մեկ տարի քառասուն նվիրյալներ շաբաթը երկու անգամ, բացարձակապես անվճար, Հայաստանի տարբեր անկյուններից գալիս էին փորձի Երևան և նույն օրը հետ վերադառնում: Իսկ այսօր նվագախումբը պետական կարգավիճակ ունի:

 

- Իսկ ձեզ հետնորդներ պատրաստու՞մ եք:

- Բացի քամանչա ու թառ պատրաստելուց, լարային գործիքների վերանորոգումից և նվագախմբում աշխատանքից, դասավանդում եմ Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում: Ունեմ չորս աշակերտ, որոնցից մեկը տասնչորս տարեկան որդիս է: Ինը տարեկանից քամանչա է նվագում, և արդեն հասցրել է մասնակցել մի շարք փառատոնների:

 

Հնարավորություններիս չափով աշխատում եմ օգնել իմ աշակերտներին, իմ պատրաստած գործիքներից իրենց եմ տալիս, երբ ծնողները հնարավորություն չունեն գործիք գնելու: Պարտադիր չէ, որ իմ աշակերտները հետագայում քամանչահարներ դառնան, բայց ցանկցած մարդու երաժշտական կրթություն պետք է, անկախ նրանից`կդառնա՞ փայլուն երաժիշտ թե ոչ, դա ազդում է իր ներքնաշխարհի ձևավորման, մարդկանց հետ շփման վրա, երաժշտական զգացողությունները փոխանցվում են մարդկային հարաբերություններին, ավելի բարեկիրթ դարձնում մարդուն, ինչը շատ է անհրաժեշտ այսօր:

 

Անդրկովկասում ներկայումս տարածված է 4-լարանի քամանչան, որը հայազգի վիրտուոզ քամանչահար Սաշա Օգանեզաշվիլու կատարելագործած տարբերակն է: Շնորհիվ Օգանեզաշվիլու կատարած փոփոխության, քամանչայի տեմբրը դարձել է գեղեցիկ ու փափուկ, այն ունի տեխնիկական բազմազան հնարավորություններ: