«Մարդիկ երազում են երկինք բարձրանալ և արդեն բարձրանում են։ Բայց, պարզվում է, որ երկնքում էլ երազողներ կան, որ ուզում են Երկիր իջնել...»,- սա Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի մտքերից մեկն է:

 

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» պարտադիր ընթերցանության համար նախատեսված գրքերից է և մեծ համարում ունի նաև հայերիս շրջանում: Առաջին հայացքից շատ պարզ, իրականում՝ խորիմաստ այս հեքիաթ-վիպակը, որը ներկայացնում է  համամարդկային գաղափարներ,  հայ ընթերցողներից շատերին է հետաքրքրել , ավելին, այս ստեղծագործությունը կարելի է դասել մեզանում ամենից շատ ցիտվող վիպակների շարքին:

 

Այսօր՝ հուլիսի 31-ին, «Փոքրիկ իշխանի» հեղինակի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հիշատակի օրն է: Ֆրանսիացի գրողը և օդաչուն 1944թ. հուլիսի 31-ի առավոտյան Կորսիկայի օդանավակայանից օդ է բարձրացել և չի վերադարձել: Նա ընդամենը 44 տարեկան էր:

 

Այս գրողի բոլոր ստեղծագործություններն աչքի են ընկնում մարդասիրական գաղափարներով: 1929թ. հրատարակված «Հարավային փոստատարը» վիպակում նա ներկայացրել է օդաչուների դժվար, միաժամանակ, սխրանքներով ու փորձություններով լի աշխատանքը: Էքզյուպերին անդրադարձել է նաև ԽՍՀՄ-ին. «Ոճիրն ու պատիժը խորհրդային արդարադատությամբ» ակնարկում նա ներկայացրել է  ստալինիզմի էությունն իր ընկալմամբ, իսկ  «Միջնաբերդ» գրքում (այն անավարտ է, քանի որ Էքզյուպերին դրա վրա աշխատում էր մահվանից առաջ) նա  անդրադարձել է Ֆրանսիայի և ողջ աշխարհի կյանքին  պատերազմից հետո:

 

Առաջարկում ենք կարդալ մի քանի միտք՝ նրա ամենահայտնի ստեղծագործությունից՝ «Փոքրիկ իշխանից», որը հրատարակվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերենով:

 

 

● Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք... Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում թե ուր են գնում և ինչ են փնտրում... իրականում նրանք ոչինչ էլ չեն ուզում, մեծահասակները վագոններում կա՛մ քնած են, կա՛մ նստած հորանջում են: Միայն երեխաներն են քիթները հպում պատուհանների ապակիներին... միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում: Նրանք իրենց ամբողջ հոգին տալիս են լաթե տիկնիկին, և այդ տիկնիկը նրանց համար շատ թանկ է դառնում... այնքան թանկ, որ եթե նրանցից տիկնիկը խլեն, երեխաները կսկսեն լալ... երջանիկ են նրանք:

 

● Միայն սիրտն է սրատես: Ամենագխավորը աչքով չես տեսնի:

● Ես փորձում եմ պատմել նրա մասին, որպեսզի հանկարծ չմոռանամ նրան:

● Եթե անընդհատ ուղիղ գնաս, հեռու չես գնա:

● Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:

● Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ:

● Անապատում, այնուամենայնիվ, մարդ մենակ է զգում իրեն: Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն…

● Երբ մարդը շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:

● Մարդիկ էլ երևակայություն չունեն… Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են…

● Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին:

 

Երբեք նրանք չեն ասի՝ «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա, ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ, թիթեռներ բռնու՞մ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա, քանի՞ եղբայր ունի, քաշն ինչքա՞ն է, ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ նրանք դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել՝ «Ես տեսա մի տուն, որը արժեր հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն ինչպիսի՜ գեղեցկություն…

 

 

 

● Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել,- ասաց աղվեսը փոքրիկ իշխանին: -Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ են պատրաստի գնում խանութներում, բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն....

●Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

● Հարկավոր է ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել:

● Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը, բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար:

● Ընտելացնել նշանակում է՝ կապվել մեկի հետ… Եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը…

● Գիտես ինչու՞ է  անապատը լավ . նրա մեջ ինչ-որ տեղում աղբյուրներ են թաքնված:


Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» շաաատ սիրող Ամալյա Հովհաննիսյան