«Նոր ալիք 2014» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանը պատվով ներկայացրած Սոնա Ռուբենյանն այսօր վերադարձել է Հայաստան: Ընկերները, հարազատներն ու երկրպագուները գնացել էին նրան դիմավորելու: «Ընկերներս 11-ի տեսքով փուչիկներ էին գնել, հենց օդանավակայանից դուրս եկա, բոլորը պարզեցին 11-երը: Շատ հետաքրքիր էր»,- Esem.am-ին ասաց երգչուհին, ով, չնայած հոգնածությանը, մի փոքր էլ վատառողջ լինելուն, բավականին անկեղծ զրույց ունեցավ մեզ հետ:

 

«Նոր ալիքի» «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը Հայաստան բերած  Սոնան գոհ է իր ելույթներից և տպավորված հայ հանդիսատեսի աջակցությամբ: «Լինում են դեպքեր, երբ հասարակությունը բաժանվում է երկու մասի: Ուրախ եմ, որ այս դեպքում բոլորն էին կողքիս,- ոգևորությամբ նշեց նա և հավելեց,- անգամ մյուս մասնակիցներն էին ինձ ասում` ինչ ակտիվ են ձերոնք, ինչ լավ են հետևում քեզ:)»:

 

 

Անդրադառնալով առաջին օրը ստացած գնահատականներին` երգչուհին ասաց. «Ժյուրիի անդամները գիտեին`առաջին օրն ինձ մի բալ բարձր են դրել: Օրինակ` Ագուտինն ինձ ասաց`  ես քեզ 10 եմ նշանակել, մինչդեռ 9 էր գնահատել,- ասաց նա և հավելեց,- թեև բոլորն ասում էին, որ ելույթս շատ լավ էր, առաջին ելույթից հետո շատ էի ընկճվել: Ուզում էի հասկանալ` ինչն էր խնդիրը և մի քանի անգամ նայեցի ելույթս, սակայն հասկացա, որ կողքիս կանգնած մարդիկ իսկապես ճիշտ էին ասում: Երգել եմ շատ  փորձերից շատ ավելի լավ: Նեղվեցի, որովհետև չէի սպասում  այդպիսի գնահատականների` հետևելով փորձերին և քաջ իմանալով մյուս մասնակիցների հնարավորությունները»:

 

Խոսելով ցածր գնահատականների պատճառների մասին` Սոնան նշեց, որ դրանք շատ են և այդ մասին բարձրաձայնելով հեծանիվ չի հայտնաբերի: «Այն, ինչ ինձնից էր կախված, ես  արել եմ: Երաժշտությունն ինդիվիդուալ արվեստ է. դա սպորտ չէ, որ վազես, առաջինը տեղ հասնես ու հաղթես: Այստեղ կարող է լինել ցանկացած արդյունք. քեզնից կախված է քո ելույթը, ոչ թե գնահատականը: Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց ես գոհ եմ իմ 3 ելույթից»,- ESem.am-ին ասաց երգչուհին, ում ոգևորել է ժյուրիի ափսոսանքը`իր 6-րդ տեղում լինելու համար: Սոնային հատկապես տպավորել է Իգոր Կրուտոյի խոսքը: «Եզրափակիչ համերգին նախորդած  մամուլի ասուլիսին նրան հարցրին` գո՞հ է մրցույթի արդյունքներից, հորիզոնականերից, նա առաջինը նշեց, որ շատ  զարմացած է, որ Հայաստանի մասնակիցը չստացավ այնքան միավոր, որքան  պետք էր: Դա արդեն մեծ բան էր ինձ համար»,- ասաց երգչուհին:

 

 

Որոշ մարդիկ կարծիք էին հայտնել, թե Սոնայի երկրորդ օրվա բարձր գնահատականները մեծապես պայմանավորված էին Մհերի գործոնով: «Շատ շնորհակալ եմ Մհերին, որ ամեն ինչով օգնեց ինձ: Կարծում եմ` երրորդ օրվա ելույթովս կարելի է վերջ դնել այդ խոսակցություններին: Եթե երկրորդ օրը մի 10 միավոր կար, երրորդ օրը բոլորը 11 միավոր գնահատեցին»,- նշեց երգչուհին` ավելացնելով, որ շատ ժամանակ չի ունեցել հետևելու բոլոր մեկնաբանություններին:

 

Սոնան նշեց, որ իր համար ուժեղ մրցակից է համարել ԱՄՆ ներկայացուցիչ Թայշոն Քոլքուիթին, ով զբաղեցրել է 9-րդ տեղը և Իսրայելի ներկայցուցիչ Սեմ Օնին, ով  զբաղեցրել է 7-րդ տեղը: «Ինձ համար անակնկալ էր այդ արդյունքը: Անկանխատեսելի զարգացում ունեցավ»,- ասաց նա:

 

 

Նշենք, որ մեր մասնակիցը արժանացել է նաև Woman.ru կայքի մրցանակին` որպես «Նոր ալիքի լավագույն արտիստ»:) «Կայքի կողմից վարդագույն մարգարտյա շատ գեղեցիկ կախազարդ և թևնոց նվեր ստացա»,- ասաց նա:

ESem.am-ը շնորհավորում է Սոնային և մաղթում նորանոր բարձունքներ:)


Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը