Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանը հուլիսի 29-ին կտոներ իր հոբելյանը: Անվանի արվեստագետն այսօր կդառնար 85 տարեկան: Ավետ Տերտերյանն իր ստեղծագործական կյանքն սկսեց որպես նորարար: Նա հանդիսատեսին մատուցեց միանգամայն անծանոթ հնչյունային աշխարհ, որտեղ նորովի հնչեցին հին հայկական ծիսական հեռավոր ձայները՝ լեցուն ժողովրդական տոների խանդավառությամբ, ինչպես նաև կորուստների անամոք վշտով:


Տերտերյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի շատ հանրահայտ բեմերում՝ այդ երկրներում անցկացված միջազգային փառատոնների և կոմպոզիտորին նվիրված համերգների ընթացքում: Կոմպոզիտորի հոբելյանի առթիվ միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանում, Արցախում և արտասահմանում:


Մասնավորապես, Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան սեպտեմբերի 1-ին կներկայացվի Շուշիի ամրոցում: Միջոցառումը նվիրված է Արցախի անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին: Իրադարձությունն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Տերտերյանն ինքն, այս օպերայի մասին խոսելիս, նշել է, որ այն պատերազմի, խաղաղության և սիրո մասին է:

 

Ավետ Տերտերյանը ծնվել է 1929 թվականին, Բաքվում։ 1948-51թթ. հաճախել է Բաքվի երաժշտական ուսումնարանը: 1951թ. տեղափոխվել է Երևան, որտեղ հաճախել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1952-57թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում: 1967թ. ավարտել է ասպիրանտուրան`Է.Միրզոյանի ղեկավարությամբ: 1970-ից աշխատել է որպես գործիքավորման դասախոս Երևանի պետական կոնսերվատորիայում, 1978-ից` դասախոս, 1983-ից` պրոֆեսոր:

 

Եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1972թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1984թ.` ժողովրդակ ան արտիստի կոչման: 1977թ. պարգևատրվել է ՀԽՍՀ պետական մրցանակով: Հեղինակել է երկու օպերա, բալետ, կամերային երաժշտություն՝ այդ թվում 2 լարային կվարտետ, վոկալ և ֆիլմի երաժշտություն։ Վախճանվել է 1994-ին Եկատերինբուրգում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

 

Ավետ Տերտերյանը «Կրակե օղակ» օպերան գրել է 1967 թվականին: Նույն տարում օպերայի առաջին բեմադրությունը իրականացրին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Արամ Քաթանյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Բագրատունին, նկարիչ Մինաս Ավետիսյանը: