Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում հուլիսի 27-ի երեկոյան հոբելյանական համերգով հանդես է եկել Լոս Անջելեսի «Զվարթնոց» պարային համույթը: Համերգին ներկա է եղել և գնահատանքի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


«Վարդան և Արմինե Աղաջանյան ամուսինները, չվախենալով բառից, ասեմ, որ հերոսական աշխատանք են կատարում: Աշխարհի խառնարան համարվող ԱՄՆ-ում նրանք ոչ միայն կարողացան հայ մնալ և կառուցել իրենց բացառիկ հայ ընտանիքը, այլև, հաղթահարելով անհնարին թվացող բազում խոչընդոտներ` ստեղծեցին «Զվարթնոց» անկրկնելի համույթը` անուրանալի ներդրում կատարելով Սփյուռքում հայապահպանության ազգանվեր գործում: Նրանք պարային լեզվով և ռիթմիկայով հայ ոգին և հայ ինքնությունը պատվաստում և անմեռ են պահում սփյուռքյան նոր սերնդի մեջ, իսկ օտարների հոգիներում հայ ոգ ու ազնիվ նկարագրի բացահայտումներով ստեղծում են սեր, հարգանք և ակնածանք մեր ժողովրդի հանդեպ»,-  նշել է նախարարը:

 

Բարձր գնահատելով ամուսիններ Աղաջանյանների և նրանց ստեղծած «Զվարթնոց» համույթի հայրենանվեր գործունեությունը, ի նշանավորումն ստեղծման 25-ամյա հոբելյանի` նախարար Հրանուշ Հակոբյանը «Զվարթնոց» պարախմբին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով` Ոսկե մեդալով, իսկ Վարդան և Արմինե Ազաջանյաններին` ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով:

 

«Զվարթնոց»-ը ստեղծվել է ԱՄՆ-ում բնակություն հաստատած ամուսիններ Վարդան և Արմինե Աղաջանյանների կողմից, ովքեր Հայաստանի պարի պետական համույթի հայտնի մենակատարներն էին: Իր գոյության քառորդդարյա կենսագրության ընթացքում «Զվարթնոց»-ը ելույթներով հանդես է եկել աշխարհի շատ բեմերում` իր յուրօրինակ բեմադրություններով և ժողովրդական պարի մեկնություններով նվաճելով հայ և օտարազգի հանդիսատեսի սիրտը: