ՀՀ մշակույթի նախարարությունը ձեռնարկել է «Հայ երաժշտության հանրագիտարանի» ստեղծումը և հրատարակում: Հանրագիտարանի հրատարակումը բացառիկ է նրանով, որ մինչ օրս մեզանում գոյություն չունի նման համապարփակ հրատարակություն:


Այս նպատակով, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով, ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են վաստակաշատ երաժշտագետներ, Հայկական հանրագիտարանի հրատարակչության, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, Հայաստանի երգչախմբային ընկերության ներկայացուցիչներ:

 

Հուլիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրվել է հանձնաժողովի առաջին նիստը.  ներկայացվել է նախարարության հանձնարարությամբ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության կողմից պատրաստված նախագիծը, որի շուրջ տեղի ունեցած մտքերի փոխանակության և առաջարկությունների քննարկմամբ` ճշտվել է հանրագիտարանի կառուցվածքի և թեմատիկ բառացանկի  սկզբունքները, ինչպես նաև ընթացիկ կազմակերպչական հարցեր:

 

Երաժշտական հանրագիտարանները, ինչպես և առհասարակ հանրագիտարանները, նշանակալի ներդրում են համաշխարհային մշակույթի պատմության մեջ և համարվում են ազգային հարստության անքակտելի մաս: Երաժշտական հանրագիտարաններ ունեն գրեթե բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները` երաժշտության պատմության համաշխարհային գործընթացներում շեշտելով նաև սեփական ժողովրդի ձեռքբերումներն այդ ոլորտում: