Գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանը Երևանի «Օքսֆորդ. Գրափունջ» գրախանութում մանուկներին ներկայացրեց իր նոր՝ «Իմ տատիկ Թամթիմարիան» մանկական արկածային գիրքը: Հեղինակը փոքրիկների համար և նրանց մասնակցությամբ պատրաստել էր բեմադրություն՝ հեքիաթի հիման վրա, որը ներկայացվեց շնորհանդեսի ընթացքում: Գիրքը նկարազարդել է անիմատոր-նկարիչ Նաիրա Մուրադյանը: Այն հրատարակել է «Զանգակ»-ը՝ 500 օրինակ տպաքանակով:

 

«Գիրքը գրել եմ 3-4 տարի առաջ: Այն մի երեխայի մասին երևակայական պատմություն է, որը նոր դպրոցում խնդիրներ է ունենում համադասարանցիների հետ: Ի վերջո, հաղթում է ընկերությունը: Շատ հետաքրքիր կերպարներ ունենք: Ինձ համար շատ կարևոր է, որ պատմության մեջ ուրախ ելևէջներ լինեն: Այն նաև ինչ-որ տեղ ուսուցողական է, որովհետև մանկական գիրքն անպայման պետք է ինչ-որ բան սովորեցնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նաիրա Եդիգարյանը: Գիրքը նվիրված է գրողի տատիկին, քանի որ նա մեծ դեր է խաղացել Նաիրայի կյանքում:

 

Գրքի գլխավոր հերոսը՝ փոքրիկ տղան իր երևակայությամբ երկնքից պոկում է մի աստղ, աստղը դարձնում կանաչ կղզի, իսկ կղզու բնակչուհին նրա տատիկն է՝ քաղաքի փոշուց ձանձրացած տատիկ Թամթիմարիան՝ իր անչափ բարի բնավորությամբ և կարկանդակների գաղտնի բաղադրատոմսով: Չաղլիկ չար Կորյունը և մյուսները չեն պատկերացնում, թե որքան մեծ է իրենց դասընկերոջ երևակայությունը: Նրանք կպատժվեն երևակայական պոետների աշխարհում, բայց տատիկ Թամթիմարիայի կղզում կհաղթի ընկերությունը: