Վերականգնված է Մինասի ևս մեկ որմնանկար: Խոսքը  Մինաս Ավետիսյանի՝ Վահրամաբերդում գտնվող «Արմենիա» որմնանկարի մասին է, որն, ինչպես «Արմենպրես»-ին ավելի վաղ տեղեկացրել էր  Մինասի որդին՝ Արման Ավետիսյանը, Շիրակի մարզում գտնվող ամենահրատապ վերականգնման կարիք ունեցող որմնանկարն էր:

 

Վերականգնման աշխատանքներն իրականացվել են ինչպես  տեղի մասնագետների, այնպես էլ իտալացի ռեստավրատորների կողմից: Աշխատանքերն իրականացվել  են ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով՝ «Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամ»-ի կողմից:

 

Սա Մինասի միակ որմնանկարն էր, որ վերականգնվել  է տեղում՝ առանց տեղափոխման: Վնասված բավական մեծ հատվածը վերկանագնել հաջողվել է որմնանկարի պահպանված լուսանկարներով՝ պահպանելով բնօրինակի գունային երանգները: Մինաս Ավետիսյանի 1973 թվականին ստեղծված  «Արմենիա» որմնանակարը 1988 թվականի երկրաշարժից հետո ավելի քան 20 տարի գտնվել է բաց երկնքի տակ՝  պատնեշի վրա: Այն ոչնչացումից փրկելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ և պետական միջոցներով, Վահրամաբերդում, 2012 թվականին, կառուցվեց մշակույթի տուն, ինչի շնորհիվ «Արմենիան» մնաց կառույցի ներսում: Սակայն, շինարարական աշխատանքների ժամանակ, շինարարը մեծ վնաս հասցրեց որմնանակարին: