Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին միևնույն ստեղծագործ հարթակում միավորող «Ռեժիսորներ` առանց սահմանների» նախագիծն այս տարի կիրականացնի մի շարք միջոցառումներ: Նախագիծն իրականացվում է «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում, որն այս տարի կանցկացվի հուլիսի 13-20-ը:


«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում կարևորեց 2007 թվականից իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը:


«Ծրագիրը «Ոսկե ծիրան»-ի անբաժանելի մասն է: Ցանկացած միջազգային փառատոնի համար կարևոր են նմանատիպ հարթակները, վերջին տասնամյակում մեծացել է փառատոնների՝ կինոարտադրությունը խթանող դերը, մեր փառատոնը ևս շատ կարևորում է ազգային կինոարտադրության զարգացումը: 2011 թվականից ծրագրին աջակցում է Եվրամիությունը»,- նշեց Սուսաննա Հարությունյանը:

 

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ հուլիսի 15-17-ը կանցկացվի «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը: «Ստացել ենք 24 նախագծեր, որոնցից 14-ը կմրցեն դրամաշնորհների համար: Ունենք նաև Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված նախագծեր»,-նշեց Մարտիրոսյանը:

 

Ֆորումի ժյուրիի կազմում կընդգրկվեն Թբիլիսիի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն, ռումինացի պրոդյուսեր Դան Բուրլաքը, Artviva-ի նախագահ և Film Teep-ի ղեկավար Ռուքսանդրա Չեռնատը, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերի համադրող Եվգենի Գուսիատինսկին, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը և այլ հայտնի գործիչներ:

 

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի հանրային կապերի բաժնի համակարգող Սոնա Շահբազյանն ընդգծեց, որ ծրագրի շրջանակում կրկին կներկայացվի «Ֆիլմեր առանց սահմանների» կինոծրագիրը, որին այս տարի կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրներում և Թուրքիայում ստեղծված 17 կինոնկարներ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 14-ին Վիկտորյա Տրոֆիմենկոյի «Եղբայրներ. վերջին խոստովանությունը» ֆիլմի ցուցադրությամբ:

 

Նախորդ տարիների նման, այս տարի ևս փառատոնը կմեկտեղի Երևանում  համաշխարհային կինոարվեստի և, մասնավորապես, հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիների, այնպես էլ նախորդ տասնամյակում ստեղծված լավագույն ֆիլմերը և նշանավոր ներկայացուցիչներին: Փառատոնի այս տարվա մեկնարկը նվիրված է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենան անվանի ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին:


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։