Մայրաքաղաքում հուլիսի 13-20-ն անցկացվելիք «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմն արդեն հայտնի է: Ֆիլմերն ավանդաբար կներկայացվեն կինոփառատոնի չորս` Խաղարկային, Վավերագրական, «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» մրցույթներում, որոնցից յուրաքանչյուրը կունենա ժյուրիի իր կազմը: 95 երկրներից ներկայացված ավելի քան 1500 հայտերից ընտրվել է մոտավորապես 70 ֆիլմ: Տասնմեկ տարվա պատմությ ուն ունեցող «Ոսկե ծիրանը» կմեկնարկի ուղիղ մեկ ամսից:

 

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը հունիսի 13-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրեց փառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթը»: «Ներկայացված է 12 խաղարկային ֆիլմ, ինչպես և նախորդ տարի: Միգուցե այս տարի թիվն ավելանա ևս մեկով, սակայն չենք ցանկանում, որ ժյուրին ծանրաբեռնված լինի: Ներկայացված են թե անվանի, թե սկսնակ ռեժիսորների գործեր, որոնցից շատերն են ցուցադրվել բազմաթիվ կինոփառատոններում: Բավական հետա քրքիր ծրագիր է: Կինոնկարները հիմնականում բարոյական ճգնաժամի մասին են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Ստամբոլցյանը:

 

Խաղարկային մրցույթն այս տարի ղեկավարելու է իտալացի կինոքննադատ, պրոդյուսեր Մարկո Մյուլերը, ով աշխատել է բոլոր հայտնի կինոփառատոններում, իսկ 7-8 տարի ղեկավարել է Վենետիկի միջազգային կինոփառատոնը: Բացի այդ, ժյուրիի կազմում ընդգրկված են օպերատոր Քրիստիան Բերգերը, ով վարպետության դասեր կանցկացնի Հայաստանում, ինչպես նաև Հունաստանից մեր հայրենակից Պետրոս Մարկարիսը: Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև նախորդ տարվա հաղթող սերբ ռեժիսոր Սրդան Գոլուբովիչը և դերասանուհի Աննա Մուգլալիսը:

 

Ներկայացնելով «Միջազգային վավերագրական մրցույթ»-ը` փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը նշեց, որ այս տարի 700-ից ընտրվել է 12 ֆիլմ: «Միջազգային վավերագրական մրցույթի ժյուրին այս տարի ղեկավարելու է իտալաբնակ հայազգի ռեժիսոր Երվանդ Ջանիկյանը, ժյուրիի կազմում ընդգրկված են կինոքննադատներ Սերգեյ Տրիմաչը, Ջիոնա Նաձարոն, Վիկտորիա Բելոպոլսկայան և ռեժիսոր Սվետոսլավ Ստոյանովը»,-նշեց Խանջյանը:

 

«Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյանն ընդգծեց, որ «Հայկական համայնապատկեր» մրցույթում ներառված է 18 ֆիլմ` 120 ներկայացվածներից: «Մեծ մասը հայկական արտադրության ֆիլմեր են, որոնք շատ լավ որակ ունեն: Ժյուրիի նախագահն է Ժան-Քրիստոֆ Ֆերարին: Ժյուրիիկազմում ընդգրկված են նաև կինոռեժիսորներ Մարատ Սարգսյանը, Մարիա Սահակյանը, Գեորգի Գոգոբերիձեն և պրոդյուսեր Կարեն Արիկյանը»,-նշեց Մովսիսյանը:

 

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կինոգետ Էրեզ Փերին: Նրան կօգնեն պրոդյուսեր Ռոն Դայենսը և կինոքննադատ Դիլյարա Տասբուլատովան:

 

Կազմակերպիչները խոստանում են, որ այս տարի ևս կինոսերները հնարավորություն կունենան վայելել հետաքրքրիր ֆիլմեր: Փարաջանովի հոբելյանին նվիրված փառատոնն այս տարի կմեկնարկի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ:

 

Նախորդ տարիների նման, այս տարի ևս փառատոնը կմեկտեղի Երևանում համաշխարհային կինոարվեստի և, մասնավորապես, հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիների, այնպես էլ նախորդ տասնամյակում ստեղծված լավագույն ֆիլմերը և նշանավոր ներկայացուցիչներին: Փառատոնի այս տարվա մեկնարկը նվիրված է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90 –ամյա հոբելյանին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենան անվանի ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին:

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխ ավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ` մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։