Bravo.am-ը գրում է.

 

 Ամերիկաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանն արդեն 16 տարի օգոստոսին այցելում է Հայաստան. աշխարհի տարբեր ծայրերում բնակվող ընկերներով հատուկ օր ունեն, երբ համախմբվում են հայրենիքում: Ինքնատիպ արվեստագետին, սակայն, Երեւանում կարելի է հանդիպել ցանկացած այլ ժամանակ. պարբերաբար գալիս է ծնողներին տեսակցության, այս անգամ ժամանակ գտավ նաեւ BRAVO.am-ի հետ զրույցի համար:

 

Տիգրանն ապրում եւ ստեղծագործում է Նյու Յորքում, հայտնի է յուղաներկով արված գերիրական նկարներով: Դեռ 4 տարեկան էր, երբ սկսեց առանց դադարի նկարել օրական 6-7 ժամ: Նկարչության հանդեպ սիրո խորացմանը նպաստեց նաեւ հոր` Լեւոն Ձիթողցյանի հետ իտալական և հոլանդական կերպարվեստի մասին գրքեր թերթելը, տանը տիրող մթնոլորտը, ինչպես նաեւ ծնողների խրախուսող վերաբերմունքը.«Զարթնելուն պես գնում էի նկարելու, և մայրս ստիպված ինձ կերակրում էր նկարելու ընթացքում»:

 

«Սկզբում ինձ տվեցին գունավոր մատիտներ: Նայում էի Ռեմբրանտի գույներն ու ասում հայրիկիս.«Բայց ես չեմ կարողանում այս գույները ստանալ մատիտներով»: Հետո տվեցին ջրաներկ ու գուաշ, սակայն արդյունքը կրկին չգոհացրեց: Վերջիվերջո, հայրս յուղաներկ նվիրեց, եւ ես հայտնաբերեցի դրա հզորությունն ու խորությունը: 5 տարեկանից, այսինքն` արդեն 32 տարի յուղաներկով նկարում եմ շատ-շատ ժամեր»,-պատմել է նա:

 

Դեռ ութ տարեկան էր, երբ Մանկական պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանն առաջարկեց անհատական ցուցահանդես բացել.«Ծնողներս դեմ էին, ուզում էին, որ մի քիչ մեծանամ: Մանկական պատկերասրահում առաջին անգամ շուրջ 102 յուղաներկ նկար ներկայացրի 10 տարեկանում: Ցուցահանդեսը մեծ հաջողություն ունեցավ, շատ լուսաբանվեց: Աշխատանքներիս մի մասը ցուցադրվեց նաեւ եվրոպական քաղաքներում, ԱՄՆ-ում, հետո կտավներովս մեկնեցի Սանկտ Պետերբուրգ: Ինձ նույնիսկ Լենինի անվան թոշակ նշանակեցին, որը ԽՍՀՄ ողջ տարածքում արվեստի գծով տարեկան միայն 15 երեխա էր ստանում: Մանկական կարիերաս շատ վաղ ու շատ բուռն սկսվեց» ավարտվելով 1991-ին, երբ 14 տարեկանում Նյու Յորքում ունեցա իմ անհատական ցուցահանդեսը: Մնալու առաջարկներ եղան, սակայն վերադարձա Հայաստան»:

 

Շարունակությունը` այստեղ: