ESem.am-ը պատմել է «Համլետ» ներկայացման պրեմիերայի մասին, տեղեկացրել ենք նաև, որ այստեղ Օֆելյային կմարմնավորի Անահիտ Կիրակոսյանը, ոչ թե Լիկա Սալմանյանը: ESem.am-ը դերասանուհու հետ խոսել է նոր կերպարի, ունեցած դժվարությունների և եղած արձագանքների մասին:

 

Ըստ Անահիտի` Օֆելյայի դերով հանդես գալը շատ պատասխանատու էր: «Կարծում եմ` ամեն դերասանուհու չի հաջողվում նման դեր ստանալ. այն երազանքի նման մի բան է: Ընդհանրապես, դերասանի համար մեծ հաճույք է Շեքսպիրի ստեղծագործություններից որևէ հերոսի մարմնավորելը»,- նշեց երիտասարդ դերասանուհին և հիշեց այն օրը, երբ գնացել էր Օֆելյայի դերակատարի համար հայտարարված քասթինգին մասնակցելու: «Երբ ռեժիսորը տեսավ ինձ, ասաց, որ արտաքին տվյալներով այնքան էլ համապատասխան չեմ իր պատկերացրած Օֆելյային, բայց փորձեցի` մասնակցեցի քասթինգին, որից հետո ասաց, որ միայն 50 տոկոսով եմ համապատասխանում կերպարին. այնուհետև 50-ը դարձավ 80, ապա 100: Ի վերջո, ընտրվեցի ես»,- պատմեց Անահիտը:

 

 

 

 

Ներկայացման առաջին և երկրորդ գործողության մեջ հանդիսատեսը միանգամայն տարբեր Օֆելյայի է տեսնում: «Իմ Օֆելյան որոշ չափով  տարբերվում էր: Ռեժիսորը մի քիչ բարդացրել էր կերպարը. այստեղ հանդիսատեսը տեսնում է հղի Օֆելյայի. ներկայացվում է նրա ապրումները: Նա ականատես է լինում, թե ինչպես է սիրելին` Համլետը, սպանում իր հորը»,- ասաց Անահիտը` հավելելով, որ առաջին գործողության ժամանակ իր կերպարը կարծես խամաճիկ լիներ, ով լուռ հնազանդվում էր ու միայն արցունքների միջոցով էր արտահայտում զգացմունքները: «Իհարկե, դժվար էր առանց խոսքի, միայն արցունքի միջոցով հանդիսատեսին համոզել: Ռեժիսորս միշտ ասում էր, որ բեմում պետք է լինեմ` ինչպես լացող ուռենի»,-ավելացրեց զրուցակիցս: 24-ամյա դերասանուհու խոսքով` ներսում կուտակածն արտահայտում է երկրորդ գործողության ժամանակ:

 

 

 

 

Անդրադառնալով պրեմիերային` Անահիտը նշեց, որ մի շարք արձագանքներ է լսել ինչպես հարազատ մարդկանցից, ամուսնուց, այնպես էլ անծանոթներից ու նույնիսկ քաղաքական գործիչներից: «Մինչ պրեմիերան, մենք ունեցել ենք փորձաշրջան, մինչև ուշ ժամ փորձ ենք արել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ամուսնուս, ով ըմբռնումով է մոտեցել ու աջակցել է ինձ այդ օրերին»,-նշեց Անահիտը, ում խոսքով` միշտ վախենում է քննադատությունից, սակայն «Համլետից» հետո իր կերպարի մասին քննադատություն չի լսել. շատերը ծափահարել ու շնորհավորել են նրան: Ի դեպ, դերասանուհին հայտնեց, որ ներկայացումից հետո իրեն է մոտեցել  Պարույր Հայրիկյանը, ով ասել է. «Շնորհակալություն բարձր արվեստ մատուցելու համար»:

 

 

 

 

Անահիտից տեղեկացանք նաև, որ պրեմերայից հետո մոտեցել է իր վարպետին` ներկայացման ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին ու հետաքրքրվել, թե ինչպես էր. «Հենց նրա կարծիքն էր հետաքրքիր, ով հունցել է խմորն ու պատրաստել թխվածքը: Նա ասաց` շատ ապրես. փայլուն էր»:

 

Անահիտի համար շատ կարևոր է եղել նաև ամուսնու արձագանքն ու կարծիքը, ով մինչ պրեմիերան նույնիսկ փորձերին չի մասնակցել: «Ամուսինս ծաղիկներով շնորհավորեց ինձ ու ասաց, որ հպարտ է նման կին ունենալու համար: Վարպետից հետո ինձ համար շատ կարևոր էր նաև նրա կարծիքը»,- ավելացրեց դերասանուհին:

 


Եվս մեկ անգամ շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը