Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում, մայիսի 31-ին, ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Համո Սահյանի 100-ամյակին և Վահագն Դավթյանի 90-ամյակին նվիրված գրական երեկո` կազմակերպված Չեխիայում ՀՀ դեսպանության, Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի և «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի կողմից:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, երեկոն վարել է և բացման խոսքով հանդես եկել «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Ներկայացնելով արտիստուհուն` նա մասնավորապես հիշել է, թե ինչպես էր Համո Սահյանը բնութագրել Սիլվա Յուզբաշյանին. «Ինձ միշտ զարմացրել է, թե նա ինչպես է կարողանում ապրել քնարական մտերիմ բանաստեղծությունը, հեղինակի տվյալ տողը գրելու պահի ներշնչանքը հաղ որդել ունկնդիրներին, ինչպիսի անթերի վարպետությամբ է մակերես հանում բանաստեղծության ներքին փոթորիկը: Սա է նրա արվեստի ու նրա բացառիկության հիմնական խորհուրդը»:

 

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել Չեխիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան: Շնորհակալություն հայտնվելով կազմակերպիչներին և ներկաներին երեկոյին մասնակցելու համար` նա մասնավորապես խոսել է երկու բանաստեղծների ավելի քան հիսուն տարիների երկարատև ընկերության պատմության մասին և յուրաքանչյուրին բնութագրել հենց ընկերոջ խոսքերով:

 

Ներկայացնելով Սիլվա Յուզբաշյանին` նա ընդգծել է, որ ՀՀ վաստակավոր արտիստն իր ողջ կյանքը նվիրել է գրականությանը, անզուգական կատարող է, վայելում է հայ ժողովրդի մեծ սերը, և պատահական է, որ նրան կոչում են «ասմունքի թագուհի»:

 

Ներկաներին ողջունել է նաև երեկոյի կազմակերպիչներից «Գարուն» ամսագրի հատուկ թղթակից, «Առավոտ» պարբերականի թղթակից, լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանը, ով երախտագիտությամբ նշել է, որ չնայած իր առօրյա խնդիրներին` չեխահայությունը շտապել է «մեր ազգային գրականության այս հիրավի պայծառ տոնի ականատեսն ու մասնակիցը լինելու»:

 

Այնուհետև Սիլվա Յուզբաշյանն իր հզոր և անզուգական ձայնով ներկաներին է հրամցրել հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները, պատմել հետաքրքիր դրվագներ նրանց կենսագրությունից, ստեղծագործական և անձնական կյանքից: Ողջ երեկոյի ընթացքում զուգահեռ ցուցադրվել են տեսահոլովակներ բանաստեղծների կյանքից:

 

Միջոցառման ժամանակ երաժշտական կատարումներով հանդես են եկել նաև Սոնա Քոլոյանը և Աշոտ Սողոմոնյանը: