Հայաստանը Մինսկում անցկացված ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային ամենամյա մրցույթում այս տարի մեծ հաջողություններ է արձանագրել: Մեր երկիրը մրցանակաբաշխությանը ներկայացրել էր ինը գիրք, որոնցից ութն արժանացել են մրցանակի: «Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»` ռուսերեն թարգմանությամբ:

 

«Մշակույթների երկխոսություն» անվանակարգում հաղթել է Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով…կոլաժ երկուսի համար» գործը: «Գիտություն և կրթություն» անվանակարգում առաջին մրցանակ է ստացել Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը: Լավագույն «Արվեստի գիրք» է դարձել Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը», իսկ «Տպագրված է համագործակցությունում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Շմավոն Շմավոնյանի «Արարատ»-ը: Բացի այդ, մեկ գիրք արժանացել է երկրորդ մրցանակի, մեկ գիրք` նոմինանտի դիպլոմի և մեկ գիրք էլ` ժյուրիի հատուկ մրցանակին:

 

ՀՀ մշակույթի փոխանախարար Ներսես Տեր-Վարդանյանը մայիսի 30-ին նվիրված մամլո ասուլիսի ընթացքում ընդգծեց, որ Հայաստանն ամեն տարի մասնակցել է «Գրքարվեստ» միջազգային մրցույթին: «Նախորդ տարիների համեմատ այս տարվա մրցանակները և ձեռքբերումները շատ են: 2010-ին և 2011-ին մենք մրցույթում ստացել ենք երեքական մրցանակ, 2012-ին` չորս, 2013-ին` վեց, իսկ 2014-ին արժանացել ենք ութ մրցանակի, որոնցից հինգն առաջին կարգի էին»,-ընդգծեց փոխարարը և շնորհավորեց բոլորին ու հատկապես հրատարակիչների ն: Փոխնախարարը հույս հայտնեց, որ հետագայում ձեռքբերումները չեն նվազի:

 

«Մրցույթում մեր գրքերը և' արտաքինով, և' բովանդակությամբ զգալիորեն տարբերվում էին: Մերոնք աչքի են ընկնում բազմազանությամբ: Մենք դարերով գրքի հետ ենք գործ ունեցել: Շատ երկրներ իրենց գրքերը տպագրում են այլ երկրներում, իսկ մենք հիմնականում Հայաստանում ենք տպագրում»,-նշեց Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը'հավելելով, որ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին տարբեր երկների ներկայացուցիչներ:

 

Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը մրցույթի «Իմ երկիրը» անվանակարգում ստացել է հատուկ մրցանակ: Մովսիսյանը շատ ուրախ է մրցանակի համար: «Միջազգային շուկայում մեր գրքերը ներկայանալի են: Կասկած չկա, որ հայ գիրքը հայ ազգին ամենալավ բնութագրող կողմերից մեկն է: Շնորհակալություն եմ հայտնում ընթերցողներին և մրցույթի կազմակերպիչներին»,-նշեց Մովսիսյանը:

 

«Գրքարվեստ» միջազգային ամենամյա մրցույթը կազմակերպվում է 2004 թվականից ԱՊՀ երկրների պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության խորհրդի կողմից' Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Մայիսի 21-22-ը Մինսկում անցկացվել է ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է 9 պետություն'77 հրատարակչություններով: