Արդեն 3-րդ տարին անըդնմեջ «Tatron.info» կայքի նախաձեռնությամբ անցկացվում է «Tatron.info օnline» մրցանակաբաշխությունը: Այս տարվա մրցանակաբաշխության անվանակարգերը փոքր-ինչ փոխվել են` կապված թատերական ոլորտում առկա որոշակի պասիվացման հետ:

 

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում մայիսի 22-ին մրցանակաբաշխության առթիվ հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում մրցանակաբաշխության նախագահ Ֆրունզե Գևորգյանն ընդգծեց, որ որոշակիխնդիրներ կային հովանավորների հետ կապված, այդ իսկ պատճառով այն փոքր-ինչ ուշ է սկսվել:

 

«Այս տարի մրցանակաբաշխության քվեարկությունն սկսվել է մայիսի 20-ին և կավարտվի 30-ին: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա մայիսի 6-ին ԵԹԿՊԻ-ում: Այս անգամ մեզ աջակցում է նաև Երևանի քաղաքապետարանը: Մրցանակաբաշխության այս տարվա անվանակարգերը փոքր-ինչ փոփոխվեցին: Այս տարի ունեինք մի փոքր նվազում կապված թատերական ներկայացումների պրեմիերաների հետ, որովհետև ներկայացումներ այս տարի ավելի քիչ են բեմադրվել, քան նախորդ երկու տարում: Քվեարկության մասնակիցների քանակն էլ է կրճատվել»,-հավելեց Գևորգյանը:

 

Մրցանակաբաշխության նախագահն ընդգծեց, որ այս տարի ավելացել է նոր անվանակարգ` «Տարվա օնլայն Արտ-ֆեստ ներկայացում» խորագրով: «Այս տարի որոշեցինք անվանակարգը նվիրել Արտ-ֆեստին, իսկ հաջորդ տարիներին կլինի այլ փառատոնների հետ կապված անվանակարգ»,-փաստեց Ֆրունզե Գևորգյանը` հավելելով, որ մրցանակաբաշխությանը ակտիվորեն մասնակցում են ոչ միայն Երևանի, այլև Գյումրու թատրոնները:

 

Նախագիծը նպատակ ունի ստանալ արդի թատրոնի իրական պատկերը՝ հանդիսատեսի օնլայն քվեարկության միջոցով։ Կայքն իր առջև նպատակ է դրել ուսումնասիրել թատրոնների կողմից ժամանակակից հաղորդակցային միջոցների օգտագործումը, առանձնացնել համացանցի հնարավորություններից առավել ակտիվ օգտվող թատրոններին, դերասաններին, ռեժիսորներին և թատերատվեստի ներկայացուցիչներին առհասարակ:

 

Օնլայն մրցանակաբաշխության անվանակարգերը կազմվում են «Tatron.info» կայքի անձնակազմի կոմից։ Մրցանակաբաշխության տնօրեն Լիլիթ Տերտերյանն ընդգծեց, որ անվանակարգերում ընդգրկվում են օնլայն դաշտում (առցանց մամուլ, առցանց ռադիո և հեռուստատեսություն, սոցիալական ցանցեր, Google-ի որոնողական համակարգ և համացանցային այլ կայքեր) ակտիվություն ցուցաբերած թատերական բոլոր գործիչները, որոնք նշված հարթակներում ակտիվություն են ցուցաբերել 2013 թվականին։

 

Մրցանակաբաշխության երեկոյի ռեժիսոր Անի Աբրահամյանն ընդգծեց, որ այն ամբողջական ներկայացման տեսք է ունենալու: «Բեմում լինելու են տասնմեկ հոգի` այնքան մարդ, որքան անվանակարգեր կան: Մրցանակները հանձնելու հետաքրքիր լուծումներ ենք գտել, երկու հաղորդավարներից մեկը կլինի բեմում, մյուսը' հատուկ սենյակում»,-հավելեց Աբրահամյանը:

 

Կազմակերպիչները նաև փորձության են ենթարկելու մասնակիցներին, որոնք պատասխանելու են տարատեսակ հարցերի:

 

Նրանց խոսքով`«Tatron.info» կայքում այցելուների աճ է նկատվում, իսկ քվեարկության արդյունքները փակ են, որպեսզի բոլոր մասնակիցներն ակտիվություն ցուցաբերեն:

 

Այս տարի ընտրվել է 11 անվանակարգ`«Տարվա online ներկայացում», «Տարվա online պարային երաժշտական ներկայացում», «Տարվա online մոնոներկայացում», «Տարվա online մանկական ներկայացում», «Տարվա online թատրոն», «Տարվա online դերասան», «Տարվա online դերասանուհի»,« Տարվա online բեմադրող ռեժիսոր», « Տարվա online մշակութային լրագրող», « Տարվա online փառատոն»,« Տարվա online Արտ-Ֆեստ ներկայացում»:

 

Անվանակարգերում լավագույնը ճանաչվելու համար նախատեսված քվեարկության փուլն արդեն իսկ մեկարկել է մայիսի 20-ին:

 

«Tatron.info online» մրցանակաբաշխության հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը և Երիտասարդ գործիչների միությունը: