«Երաժշտական Օլիմպոս» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մայիսի 22-ին հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի պատաասխանատու Մելինե Հակոբյանը տեղեկացրեց, որ երեկոյի ընթացքում Սերգեյ Սմբատյանի ղեկավարության ներքո Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա մենակատարներ Մարկ Բուշկովի (ջութակ), Հրաչուհի Բասսենցի (սոպրանո) և Յուրի Վլասովի (բաս) հետ: Համերգային ծրագիրը ներառում է Ա. Պետրովի, Յ. Սիբելիուսի, Ջ.Վերդիի, Ալ. Բորոդինի և Վ.Ա. Մոցարտի ստեղծագործությունները:

 

1996 թվականից ի վեր ամեն տարի անցկացվող այս միջոցառումը Սանկտ Պետերբուրգում է հյուրընկալում միջազգային խոշորագույն մրցույթների նորաթուխ դափնեկիրներին: «Երաժշտական Օլիմպոս»-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում երաժշտական արվեստի բոլոր սիրահարներին ուկնդրելու լավագույններից լավագույն երիտասարդ կատարողներին և ծանոթանալու կատարողական արվեստի այսօրվա մակարդակին և դրա զարգացման միտումներին: