Վերջերս համացանցում հայտնվել են 21-ամյա մոդել Շուշան Երիցյանի լուսանկարները, ինչից հետո մարդիկ ոչ միայն ճանաչել են նրան, այլև քննադատել: ESem.am-ը հանդիպել է սկսնակ մոդելի հետ ու բացահայտումներ արել նրա անցած ուղու և կյանքի մասին:)

 

 

 

 

Կրթություն


Շուշան Երիցյանն ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը, ապա ընդունվել Կառավարման ակադեմիա, սակայն որպես մոդել առաջարկներ ստանալու և Մոսկվա գնալ-գալու պատճառով ստիպված է եղել կիսատ թողնել ուսումը: Նրա խոսքով` այս պահին հիմնականում ներկայանում է որպես մոդել, սակայն հետագայում ուսումը շարունակելու ցանկություն ունի: «Անցած տարվա սեպտեմբերից պարբերաբար եղել եմ Մոսկվայում, Մինսկում, Վրաստանում ու որպես ֆոտոմոդել նկարահանվել եմ տարբեր ընկերությունների համար, որոնք այնքան էլ հայտնի չեն»,-ասաց 21-ամյա Շուշանը, ով Հայաստանում ևս մասնակցել է ցուցադրությունների, նկարահանվել է գովազդային հոլովակներում:

 

 

 

 

Քթի վիրահատությունից մինչև մոդելային կարիերա


Շուշան Երիցյանը մոտ մեկ տարի է, ինչ զբաղվում է մոդելային կարիերայով: Նրա փոխանցմամբ` քթի վիրահատությունից հետո բազմաթիվ առաջարկներ է ստացել: «Ես այն մարդկանցից չեմ, ովքեր ասում են՝ դե ի ծնե առողջական խնդիր կար, դրա համար վիրահատեցի քիթս: Ոչ, քթիս ձևն ինձ դուր չէր գալիս»,-անկեղծացավ մեր խմբագրությունում հյուրընկալված Շուշանը և նշեց, որ քիթը, այն էլ՝ հայի քիթը վիրահատելու մեջ վատ բան չի տեսնում: «Իմ շրթունքները բնական են. բացի քթիցս այլ վիրահատություններ չեմ արել»,- նկատեց զրուցակիցս:

 

Շուշանը մոդելային աշխատանքում կանացիություն է տեսնում: Ըստ նրա` այս ոլորտում աղջիկներին գրավող շատ բաներ կան: «Ամեն աղջիկ էլ ցանկանում է լինել ուշադրության կենտրոնում: Մոդելն ավելի շատ է ուշադրություն դարձնում իր  մարմնին, երբ գիտի, որ մեկ ամսից կամ շաբաթից ցուցադրության է»,- ասաց Շուշանը, ով այդ ոլորտում իրեն շատ լավ  է զգում: -Առաջարկներ ստանալուց հետո որոշեցի ավելի լուրջ զբաղվել այս գործով ու հասկացա, որ հոգեհարազատ է ինձ: Մինչ այդ երեխա էի. երբ 16 տարեկան ես, քեզ լուրջ չեն ընդունում, բացի այդ, մարմինդ նորմալ կազմավորված չի լինում: 20-21 տարեկանում ավելի հասուն ես»:

 

 

 

Պատգամավորի օգնականից մինչև դերասանուհի


Շուշանի խոսքով` ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԱԺ-ում` որպես պատգամավորի օգնական: «Քաղաքական բնագավառում աշխատելու համար  պետք է մեծ` 40-50 տարեկան լինես, որպեսզի չձանձրանաս: Քաղաքականությունը շատ բացասական տարրեր ունի իր մեջ: Չարժե, որ երիտասարդ աղջիկն այդ տարիքից խորանա կեղտոտ խաղերի մեջ»:

 

Շուշանն ասաց, որ  այժմ քայլեր է անում նաև դերասանական ոլորտում. Քասթինգ ստուդիան ավարտած մոդելը սեպտեմբերին կամ հոկտեմբերին կներկայանա գեղարվեստական ֆիլմում, որի մասին նախապես խոսել չի ցանկանում. «Էպիզոդիկ դերերով նախկինում ևս ներկայացել եմ: Ինձ դուր է գալիս այդ բնագավառը, կաշխատեմ, տեսնեմ ինչ կստացվի»:

 

Հաջողություններ


21-ամյա Շուշանը հաջողությունների մասին խոսելիս հստակ չկարողացավ նշել` ո՞րն է համարում իր հաջողության գրավականը. «Չգիտեմ՝ որն առանձնացնեմ, որ քննադատության չարժանանամ: Շատերն ասում են` արտաքին տվյալներդ ավելին են, քան նկարներում երևում են: Դա էլ է հաջողություն»:

 

 

 

 

Ընտանիքի վերաբերմունքը


Սկսնակ մոդելը նշեց, որ մայրը դասախոս է, հայրը՝ անհատ ձեռներեց: «Մայրիկս միշտ պատկերացրել է, որ ես կարող եմ դասախոս, դիվանագետ լինել, բայց կյանքը լի է անակնկալներով: Ճիշտ է` նրան դուր չի գալիս, բայց ընդունում է իմ ընտրած ճանապարհը, քանի որ գիտի`այն ինձ դուր է գալիս: Նա միշտ ասում է, որ այդ բնագավառում յուրովի եմ ներկայանում, փորձում եմ առանձնանալ ու իմ դիրքն ուրիշ է,-ասաց Շուշանը և նկատեց, որ մանկուց ինքն է որոշումներ կայացրել իրեն վերաբերող հարցերում: -Դրա համար էլ ավելի կայացած եմ եղել, քան իմ հասակակիցները»:

 

Սկզբունքներ


«Երբեք չեմ սիրում ասել երբեք, սակայն եղել են պահեր, որ ասել եմ: Երբ աշխատում էի քաղաքական բնագավառում, ասում էի` սա ինձ հոգեհարազատ է, երբեք չեմ զբաղվի այլ բանով,-սկզբունքների մասին խոսելիս`ասաց Շուշանը և ավելեցրեց,- կարծում էի՝ մոդելինգը Հայաստանում ցածր մակարդակի վրա է ու երբեք ինձ թույլ չեմ տա քայլել բեմում: Հիմա կարծում եմ, որ գուցե Հայաստանում այն այդքան էլ հարգված ու ողջունելի մասնագիտություն չէ, շատերը բացասական են վերաբերում մոդելային կարիերային, բայց ամեն ինչ փոխվում է: Ինձ թվում է, երբ մոդելն ունի ոչ միայն արտաքին տվյալներ, այլև կրթություն, հոբբիներ, խելացի, զարգացած մարդ է, ոլորտն էլ է զարգանում դրանից»: Շուշանը նշում է, որ բաց տեսարաններում նկարահանվել ներկայումս չի ցանկանում: «Միշտ մերժում եմ նման առաջարկները: Ինձ համար ամենակարևորն իմ ընտանիքն է, երբեք չեմ անի այնպիսի բան, որ խորթ լինի ընտանիքիս»: Մոդելի խոսքով`ընդունում է միայն այն հրավերները, որոնք իրեն դուր են գալիս. «Փորձում եմ աշխատել ընկերական ու պոզիտիվ մթնոլորտում»:

 

Շուշանն ավելացրեց նաև, որ գոռոզ, գլամուր չէ: «Միշտ աշխատել եմ, որովհետև մեծ հնարավորություններ չենք ունեցել. փորձել եմ ինքս ստեղծել ամեն բան: Կարծիք կա, որ եթե աղջիկը գեղեցիկ է, ուրեմն ունի հովանավորներ, երկրպագուներ, ովքեր ապահովում են նրա առաջխաղացումը, բայց նման բան չկա: Կարծում եմ՝ կայացած անձնավորությունը պետք է միշտ ինքն իր համար ստեղծի հնարավորություններ, որովհետև երբ դու ես ստեղծում, միշտ քոնն է, իսկ երբ ուրիշներն են ստեղծում` ժամանակավոր է»:

 

 

 

Քննադատություններ


Շուշանի նկարների համացանցում հայտնվելուց հետո վերջինս քննադատությունների է արժանացել: «Մի քանի օր առաջ համացանցում «Շշմեցնող արտաքինով հայ մոդելը գրավել է համացանցը» վերնագրով հրապարակվել էին իմ լուսանկարները: Առավոտյան արթնացա ու պարզեցի, որ քննադատություններին տեղ ու դադար չկա. սիլիկոն է, բոտեքս, անբնական, սարքած, ֆոտոշոփ… ինչ ասես կարդացի իմ մասին,-ասաց մոդելը և նշեց, որ նորմալ է վերաբերում դրան,- հայ ազգը ամենաքննադատող ազգերից մեկն է: Քննադատությունները հիմնականում աղջիկների կողմից  են: Երևի հայկական մենթալիտետ է, եթե ինչ-որ մի բան մարդու աչքին սովոր չէ, միանգամից քննադատվում է: Ես չեմ ասում, որ տարբերվում եմ մնացածից, պարզապես, հնարավոր է, իմ դիմագծերով այնքան էլ նման չեմ հայի: Ասում են`բնական չես, շատ ես շպարվում, իրականում հատկապես ամռանը կոսմետիկ միջոցներ ընդհանրապես չեմ օգտագործում»: Տղաների կողմից բացասական արձագանքներ Շուշանը չի լսել, ավելին, ըստ նրա, նրանց հաճոյախոսությունները կապված իր արտաքինի հետ չափից շատ են:

 

 

 

 

Անձնական կյանք


Շուշանի խոսքով` իր սիրտը գրավելը շատ դժվար է: «Տղաների մոտ ընդունված է, որ աղջկա սիրտը գրավում են ուշադրությամբ, նվերներով, ինչ-որ անակնկալներով, բայց այդպես չէ. մարդու աուրան շատ կարևոր է: Հնարավոր է` դիմացինդ ոչինչ չանի քեզ համար, բայց ունենա այնպիսի աուրա, որ գրավի քեզ,-ասաց մոդելը՝ հստակ չնշելով՝ ընտրյալ ունի՞, թե՞ ոչ: -Իմ կողքին պետք է հոգեպես ուժեղ ու կայացած տղամարդ լինի: Լավ է, որ տղամարդը չի տատանվում, սկզբունքային է,  ու շրջապատը չի կարողանում ազդել նրա մտածելակերպի ու որոշումների վրա: Ես սիրում եմ անհատականությունների, ինձ դուր չեն գալիս միանման մտածելակերպով տղամարդիկ»: Թեև Շուշանը անձնականի մասին խոսել չցանկացավ, նշեց, որ առաջիկայում ամուսնանալու նպատակ չունի: «Մինչև 25 տարեկան չեմ ուզում ամուսնանալ, բայց չեմ կարող ասել երբեք, հնարավոր է՝ մեկ տարի հետո ամեն ինչ փոխվի»,-ավելացրեց 21-ամյա մոդելը:

 

 

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը