Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնն ապրիլի 29-ին բեմադրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ներկայացում` «Ողբամ մեռելոց… Բեկամ շանթեր…Կոչեմ ապրողաց…» խորագրով։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։ Ներկայացումը տեղի է ունեցել Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բեմադրությունից առաջ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի անունից հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը։ Նա ընթերցել է դեսպան Մանուկյանի խոսքը, որում, մասնավորապես, նշվում էր. «Հայոց բազմադարյան պատմության այս ամենաողբերգական էջերից մեկը գրվել է 99 տարի առաջ և, ցավոք սրտի, ողջ մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունն այսօր էլ հարկինս դատապարտված և պատժված չէ: Մինչ Մեծ Եղեռնի հարյուրամյակը, մնացել է ընդամենը մեկ տարի: Քաղաքակիրթ մարդկությանը շատ ժամանակ տրված չէ հայ ժողովրդի նկատմամբ իր բարոյական պարտքը կատարելու համար: Ամեն տարի այս օրերին Թբիլիսիում և Վրաստանի մյուս շրջաններում կազմակերպվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Այսօր Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի բեմադրությունը նույնպես մշակությային միջոցառում է` ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի»։

 

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բեմադրությունը հայ և վրաց հանդիսատեսին է ներկայացրել 1915թ. ողբերգական իրադարձությունները։ Բեմադրությանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, հայ և վրաց մշակութային և հասարակական գործիչներ, Վրաստանի հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ։