Կանադայի Վանկուվեր քաղաքում ապրիլի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսավոր բացմանը մասնակցել են Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի դաշնային, Բրիտանական Կոլումբիայի նահանգային և Վանկուվերի մունիցիպալ մարմինների ներկայացուցիչներ, Կանադայի հայ համայնքի հոգևոր, համայնքային առաջնորդներ:

 

Իր ելույթում դեսպան Եգանյանը կարևորել է Օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը Վանկուվերում` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:

 

Հայոց ցեղասպանության զոհի արխիվացված մատնահետքը պատկերող հուշարձանի հեղինակն է Մաթիլտա Ասլիզադեն: Մունիցիպալ այգու տարածքում տեղակայված հուշարձանը, նախատեսված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագրով, եկավ լրացնելու Կանադայի Մոնրեալ, Լավալ, Տորոնտո և այլ քաղաքներում գտնվող Մեծ Եղեռնը ոգեկոչող հուշարձանների շարքը: