Հայաստանի պետական կամերային նվագախումբը և իտալացի անվանի սաքսաֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին անակնկալներ կմատուցեն Երևանում և Ստեփանակերտում ապրող երաժշտասերներին: Նվագախումբը և սաքսաֆոնահարն աննախադեպ` «Անմոռանալի «Բիթլզ» խորագրով համերգների շարքով նոր մշակումներով ստեղծագործություններ կներկայացնեն ունկնդրին: Առաջին անգամ Հայաստանում կհնչեն հանրահայտ լիվերպուլյան քառյակի սիրված ստեղծագործութ յունների (A Hard Day's Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby,Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսաֆոնի համար: Կհնչի նաև «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի, Պյացոլայի հանրահայտ ստեղծագործությունները:

 

«Մոնդելչին և նվագախումբը Հայաստանում հանդես կգան 4 համերգներով: Ապրիլի 26-ին նվագախումբը և սաքսաֆոնահարը հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այնուհետև հաջորդ օրը Մոնդելչին կներկայանա «Մեցցո» ակումբում»,-նշեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

 

Մոնդելչին և նվագախումբը հանդես կգան նաև Արցախում: Ապրիլի 28-ին Ստեփանակերտում տեղի կունենա համերգ` նույն ծրագրով: Մոնդելչին, բազմիցս Հայաստանում գտնվելով, մշտապես Արցախը տեսնելու ցանկություն է հայտնել: Ապրիլի 30-ին Կամերային նվագախումբը կղեկավարի ինքը` Մոնդելչին:

 

«Ֆեդերիկո Մոնդելչին բազմիցս հանդես է եկել որպես դիրիժոր: Նա համաձայնեց ղեկավարել նվագախումբը, քանի որ ես Հայաստանում չեմ լինելու: Համերգը կշահի, ոչ թե կտուժի, որովհետև միջնորդ չի լինի մենակատարի և նվագախմբի միջև»,-նշեց Վահան Մարտիրոսյանը: Համերգը նվիրված կլինի Ջազի միջազգային օրվան:

 

Մոնդելչին այսօր կհասնի Հայաստան: Կազմակերպիչները պարզաբանեցին, որ ինքնաթիռի հետ կապված խնդիր է առաջացել, սակայն ամեն ինչ կկարգավորվի:

 

Հավանական է, որ «Անմոռանալի «Բիթլզ» ծրագիրը ներկայացվի նաև Իրանում` հայ սաքսաֆոնահարի մասնակցությամբ: Իրանական կողմը 10-15 երեկոների ցանկություն է արտահայտել:

 

Իտալացի սաքսաֆոնահար Մոնդելչին ելույթներ է ունեցել Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կայացած սաքսաֆոնահարների համաշխարհային փառատոններում՝ ներկայացնելով Իտալիան: Իբրև մենակատար ելույթներ է ունեցել նաև Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում` Սեյջի Օզավայի ղեկավարությամբ Միլանի դելլա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Վերջին համերգաշրջաններին նա հաճախակի հանդես է եկել Ռուսաստանում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի կամերային նվագախմբի հետ: Մոնդելչին համերգների ժամանակ հանդես է գալիս որպես սաքսաֆոնահար և դիրիժոր:

 

Ֆեդերիկո Մոնդելչին Հայաստանում առաջին անգամ եղել է ութ-ինը տարի առաջ և այդ օրվանից սկսած հիացել է հայ երաժշտասերների ունկնդրելու կարողությամբ: Սաքսաֆոնահարը նախորդ տարի ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` նվագախմբի հիմնման 50-ամյա հոբելյան ին նվիրված երեկոյի ընթացքում: