Համաշխարհային կինոյի լեգենդ Սոֆի Լորենը մտադիր է գիրք գրել և թղթին հանձնել իր հիշողությունները: Ութսունամյա Լորենը խոստովանել է, որ լինելու է բացառապես անկեղծ և իր երկրպագուներին է ներկայացնելու իր կյանքի բոլոր դրվագները:

 

«Ես կլինեմ բացառապես անկեղծ: Իմ երկրպագուներն ու իմ ավեստի սիրահարները հնարավորություն կունենան ծանոթանալու իմ` ոչ այնքան հեշտ, սակայն շատ հետաքրքրական կյանքին»,- ANSA գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Լորենը` հավելելով, որ առաջին անգամ կներկայացնի նաև իր սիրային պատմությունները, հիասթափություններն ու երազանքները:

 

Լորենը խոստովանել է, որ կյանքում հասել է բոլոր նպատակներին, սակայն շարունակում է երազել, քանի որ հավատում է, որ երազանքը ստեղծագործելու լավագույն խթանն է: Լորենը խոստովանել է, որ դեռևս տարիներ առաջ մի շարք հրատարակչություններից առաջարկություն է ստացել շարադրելու հուշերը:

 

«Բայց ինձ միշտ թվում էր, որ դեռեւս գիրք գրելու և հուշեր պատմելու ժամանակը չի հասել»,-նշել է նա: Ի վերջո, Լորենի ընտրությունը կանգ է առել Rizzoli հրատարակչության վրա, որին էլ վերապահված է գրքի հրատարակության միջազգային իրավունքը:

 

Գրքում լույս կտեսնեն նաև բացառիկ լուսանկարներ, նամակներ և փաստաթղթղեր, որոնք լավագույն կերպով և նորովի են ներկայացնելու սիրելի դերասանուհուն: Լորենը խոստովանել է, որ իրեն դուր է եկել գիրք գրելու ընթացքը: Հուշերը թղթին հանձնելը դերասանուհին նմանեցրել է զարդատուփ բացելու հետ, որը լի է բազմաթիվ հիշողություններով և զգացողություններով: Գիրքն, ամենայն հավանականությամբ, լույս կտեսնի սեպտեմբերին: