Հայաստանի ազգային պատկերասրահում ապրիլի 26-ից մինչև հունիսի 2-ը կներկայացվի իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրին ՀԱՊ հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումը կազմակերպվում է ՀՀ Նախագահի և Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանու ներքո:

 

Բրունո Բրունին ծնվել է Գրադարայում` Իտալիայի Պեզարո և Ուրբինո շրջանում: Այնուհետև տեղափոխվել է Համբուրգ և ընդունվել Գեղեցիկ արվեստների ակադեմիա (Hochschule für bildende Künste):

 

1970-ական թվականներին Բրունին հայտնի է դառնում միջազգային արվեստի աշխարհում որպես լիթոգրաֆիստ, նկարիչ և քանդակագործ: 1977 թվականին նա հաղթում է Լիթոգրաֆիայի Senefeld միջազգային մրցույթում: Սկզբնական շրջանում նրա արվեստի վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանացի էքսպրեսիոնիստները` Օտտո Դիքսը և Ջորջ Գրոսը, ինչպես նաև իտալացի անտիկ վարպետները:

 

Բրունո Բրունին այն քիչ լիթոգրաֆիստ արվեստագետներից մեկն է, ով «նկարում է ողջ աշխատանքը անմիջապես քարի վրա»:

 

Ազգային պատկերասրահում կազմակերպվող ցուցահանդեսի առիթով լույս կտեսնի նրա աշխատանքների կատալոգը` հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով:

 

Իտալական «Ռենկո» շինարարական կազմակերպությունը ցուցահանդեսի բացառիկ հովանավորն է: