Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կնկարահանվեն մի շարք ֆիլմ-հոլովակներ: Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի նախաձեռնությամբ պատրաստ է արդեն երկու տեսահոլովակի սցենար: Զաքարյանի կարծիքով, հոլովակները երիտասարդ սերնդի շրջանում կարթնացնեն արժանապատիվ լինելու զգացողություն:

 

«Ցանկանում եմ նկարահանել հոլովակների մի ամբողջ սարք, սակայն դեռ երկու հոլովակ ենք նախատեսել: Դրանք «Բոյկոտ» հոլովակի շարունակությունն են և արթնացնում են պահանջատեր լինելու զգացողություն: Նկարահանվելու են հասարակ մարդկանց ներդրումների շնորհիվ: 350 հազար դրամ գումար արդեն հավաքվել է»,- նշեց ռեժիսոր Արշակ Զաքարյանը:

 

Զաքարյանը դժգոհ է, որ երկիրն այսօր լցված է թուրքական ապրանքներով և երգերով: Հոլովակների շարքով ցանկանում է երիտասարդ սերնդին ուղերձ հղել: «Հոլովակներից մեկում մեր զոհվածների ուրվականներ են զբոսնում, ցույց են տալիս, թե ինչի ենք հասել, հետո հայտնվում են թուրքական ապրանքներ վաճառող խանութների առջև: Թեման այն չէ, որ մարդիկ չգնեն թուրքական ապրանքներ, այլ անհրաժեշտ է բարձրացնել արժանապատվության զգացումը»,-համոզված է ռեժիսորը:

 

Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը համոզված է, որ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առկա ձեռքբերումները կապված են սփյուռքի հետ, և Հայաստանն այնքան էլ ներդրում չունի այս գործընթացում:

 

«Մենք չենք փորձում Ցեղասպանության ճանաչումը դարձնել համամարդկային խնդիր: Սփյուռքում համայնքները գոնե դրանով պետք է զբաղվեն, փորձեն տվյալ երկրի հասարակության, գիտնականների և բնակչության շրջանում բացատրել, թե ինչ է եղել»,- ընդգծեց Ռուբեն Մինասյանը` հավելելով, որ տարբեր լեզուներով գոյություն ունի շատ սուղ ինֆորմացիա Ցեղասպանության վերաբերյալ:

 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ն սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: