ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Ինչպես ՀՀ ԿԳ նախարարությունից, ողջունելով հյուրին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է հայ-ռումինական կրթական հարաբերությունները՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված համագործակցությանփորձ: Մասնավորապես, Արմեն Աշոտյանն ընդգծել է միջպետական ծրագրերի ու Բոլոնիայի գործընթացի շրջանակում ծավալված համագործակցությունը` նշելով, որ 2012թ.-ին Բոլոնիայի քարտուղարությունը Երևանին փոխանցվել է Բուխարեստից: Արմեն Աշոտյանի խոսքով՝ հայկական կողմի համար օգտակար է եղել Ռումինիայի կուտակած փորձը:

 

«Այս համագործակցության ընթացքում հայկական և ռումինական կողմերի միջև գործընկերային շատ լավ հարաբերություններ են ձևավորվել, որը կարող է ամուր հիմք հանդիսանալ հետագա համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար»,- նշել է Արմեն Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ Բոլոնիայի երևանյան նախարարական գագաթաժողովը նախատեսված է 2015 թվականին:

 

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը երկկողմ կրթական կապերի ամրապնդման համատեքստում կարևորել է Ռումինիայում հայկական համայնքի գոյությունը և գոհունակությամբ նշել, որ ռումինական կողմի աջակցությամբ Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը: Արմեն Աշոտյանն առաջարկել է նաև հետագա համագործակցության շրջանակում համատեղ գիտակրթական ծրագիր իրականացնել: Կարևորելով հատկապես կրթության ու մշակույթի գերակայությունը երկու երկրների հարաբերություններում՝ դեսպան Վասիլեն ընդգծել է ավելի քան 800 տարվա պատմություն ուն եցող Ռումինիայի հայկական համայնքի գոյության փաստը: Դեսպանը շեշտել է, որ պատրաստ է աջակցել հայկական կողմի բոլոր նախաձեռնություններին:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի իրականացման, միջբուհական և ուսանողների փոխանակման ծրագրերին վերաբերող հարցեր: