Լոնդոնի հանրահայտ Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում ապրիլի 13 և 14-ին ներկայացվել է «Համերգ մոմի լույսի տակ. Արմանիա՝ հայկական երգի, պարի և բանաստեղծության ճամփաներով» խորագիրը կրող համերգային ծրագիրը: Միջոցառումը նախաձեռնվել էր Լոնդոնի «Հայ հիմնարկ» մշակութային կազմակերպության և «Գլոբուս» թատրոնի համատեղ ջանքերով ու ՄԹ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Հնչեցել են հայկական ժող ովրդական, հոգևոր և դասական երգեր և երաժշտություն (Նարեկացի, Սայաթ-Նովա, Եկմալյան, Կոմիտաս): Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվել են նաև հատվածներ ժամանակակից հայ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններից:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգին ելույթ են ունեցել լոնդոնաբնակ հայտնի հայ երաժիշտներ՝ ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, տավղահար Սևան Հորոքս-Հոփայանը, ինչպես նաև դերասան Քոլին Հըրլին: Վերջինս անգլերեն թարգմանությամբ ասմունքել է Զապել Բոյաջյանի, Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի, Վահան Թեքեյանի և Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններից: Երեկոյին հատուկ հմայք է տվել Հայաստանից հրավիրված «Դուդուկներ» խմբի ելույթը: