Որոշակի հատուկ վիրուսներ կարող են դառնալ հզոր թերապևտիկ միջոց բշտիկների դեմ պայքարում, այսպես են կարծում բժիշկները:

 

Propionibacterium acnes մանրէն վճռական դեր է խաղում մաշկային այդ տհաճ հիվանդության զարգացման ընթացքում: Այս մանրէն բազմանում է մաշկի ենթաշերտերի մեջ, օրինակ' քրտնագեղձերի ծորաններում և մազարմատներում:

 

Այս մանրէն ունի հզոր բնական թշնամի' բակտերիոֆագերի խմբից մի վիրուս (հուն. "խժռում եմ մանրէները"): Հիշեցնենք, որ ֆագերը ներարկիչի նման լցնում են իրենց գենետիկ նյութը բակտերիալ բջջի ներս' ստիպելով վերջինիս արտադրել մեծ քանակությամբ նոր վիրուսներ այնքան ժամանակ, մինչև բջիջը չի պատռվում' դուրս թողնելով անհամար քանակությամբ նոր սոված ֆագեր:

 

Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն ավելի մանրամասն են ուսումնասիրել այդ բակտերիոֆագերը: Պարզվեց, որ գոյություն ունի ֆագերի առնվազն 11 տարատեսակ, որոնք գրոհում են հենց P.acnes մանրէն: Դրանք բոլորը արտահայտված գենետիկ ազգակցություն և բակտերիցիդ ազդեցություն ունեն P.acnes մանրէի շտամների մեծ մասի նկատմամբ:

 

"Ֆագերը ծրագրավորած են կոնկրետ մանրէներ փնտրելու և ոչնչացնելու: Այսինքն, P.acnes մանրէի հակառակորդ բակտերիոֆագը մահացու է միայն դրա համար, սակայն ոչ մյուս մանրէների համար", բացատրում են գիտնականները:

 

Այս առանձնահատկությունը ֆագերին դառձնում է լավագույն թեկնածուն' բշտիկների դեմ տեղային դեղամիջոցներ մշակելու համար:

 

Բացի այդ, այս վիրուսները արտադրում են հատուկ մի ֆերմենտ, որը լուծում է մանրէների բջջային թաղանթը: Այդ ֆերմենտը ինքնին հանդիսանում է պոտենցիալ արդյունավետ միջոց' մաշկի թարախային ախտահարման դեմ: