Ամերիկացի գիտնականները ստեղծել են հատուկ բարձր տեխնոլոգիական ակնոց, որը թույլ կտա վիրաբույժներին վիրահատության ժամանակ "տեսնել" չարորակ բջիջները: Հայտնագործության բուն էությունը կայանում է նրանում, որ ուռուցքի շրջանում ներարկվի կոնտրաստային նյութ, որը կստիպի քաղծկեղային բջիջներին լուսարձակել կապույտ գույնով` մշակված ակնոցի ֆիլտրում, ինչի շնորհիվ բժիշկը կկարողանա դրանք հեռացնել, և այդպիսով նվազեցնել հիվանդության կրկնության կամ մետաստազների առաջացման հավանականությունը: Աշխատանքի արդյունքները տպագրվել են Journal of Biomedical Optics ամսագրում:

Քաղծկեղային բջիջները դժվար է հայտնաբերել in vivo նույնիսկ շատ հզոր խոշորացման դեպքում, սակայն հիմա գիտնականների կողմից մշակած ակնոցը կարող է օգնել վիրաբույժներին տարբերել առողջ բջիջները չարորակներից և չթողնել դրանցից ոչ մեկն ուռուցքի տեղակայման հատվածում:

Վաշինգտոնի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականների կողմից ստեղծած տեխնոլոգիան իր մեջ ընդգրկում է տեսապատկերի ֆունկցիան և պիտակավորված մոլեկուլների օգտագործումը, որոնք միավորվելով ուռուցքի բջիջների հետ, առաջացնում են ակնոցի միջոցով տեսանելի սպեցիֆիկ կապույտ լուսավորում: Հեղինակների խոսքերով՝ սարքը կարող է հայտնաբերել ներառյալ մինչև 1մմ տրամագիծ ունեցող ուռուցքները:

Այսօր, յուրաքանչյուր 4-րդ կամ 5-րդ հիվանդին, որին կատարվել է կրծքագեղձի չարորակ ուռուցքի հեռացում, պահանջվում է կրկնակի վիրաբուժական միջամտություն, քանի որ այսօրվա տեխնոլոգիաներն առաջին վիրահատության ժամանակ թույլ չեն տալիս հստակ որոշել ուռուցքի տեղակայումը և տարածվածությունը: Մշակված ակնոցը կարող է նվազեցնել լրացուցիչ վիրահատությունների անհրաժեշտությունը և դրանց հետ կապված հիվանդների սթրեսը, ինչպես նաև կրճատել ծախսած ժամանակը և նյութական միջոցները:

Լաբորատոր կենդանիների վրա անցկացված հետազոտություններում գիտնականներն օգտագործել են ինդոցիանին կանաչը` լայնորեն կիրառվող կոնտրաստային նյութ, որին հավանություն է տվել ԱՄՆ Դեղամիջոցների և մթերքների վերահսկման վարչությունը:

"Այս տեխնոլոգիան ունի մեծ պոտենցիալ օգուտ հիվանդների և բուժաշխատողների համար: Մեր նպատակն է այնպես անել, որ վիրահատությունից հետո չմնա ոչ մի կասկած, որ բոլոր չարորակ բջիջները հեռացված են", - ասել է հայտնագործության առաջատար հեղինակ, բիոինժեներ և մոլեկուլյար բիոֆիզիկ Սեմյուելը: