HuffPost-ի լրագրող Շիտիկա Անանդը կազմել է մի հետաքրքիր ցուցակ այն մասին, թե ինչո՞ւ չպետք է հատկապես սիրահարվել լրագրողների:

Լրագրողը ձեր կերպարը կօգտագործի իր աշխատանքային հոդվածներում: Եթե լրագրողը որևէ թեմայի առիթով կոնկրետ աշխատանք է տանում, ապա վստահ եղեք, որ դուք և ձեր մարդկային տեսակը նույնպես կհայտնվի նրա տեքստում: Ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ նյութում դուք ձեր անուն-ազգանունը գտնեք, այլ պարզապես՝ ուշադիր ընթերցելով կկարողանաք նկատել ձեր կերպարը արտացոլող մտքեր: Սակայն այդ փաստը շատ ծանր չտանեք, քանի որ սա նշանակում է, որ դուք իրոք մեծ նշանակություն ունեք նրա համար:

Աշխատանքը առավել առաջնային է, քան ամենաանմոռանալի սեքսը։ Որոշները վճարում են հոդվածների համար, բայց ոչ ոք լրագրողին չի վճարում իր ընտրյալի հետ սեքսով զբաղվելու համար: Հենց դա է պատճառը, որ լրագրողները հաճախ սիրելիի հետ սեքսով զբաղվելու փոխարեն, նախընտրում են «սեքսով զբաղվել» MS Word-ի հետ:

Նրանց երբեք չես կարող խաբել։ Նրանք գիտեն, թե դուք երբ եք խաբում, երբ եք ճիշտն ասում և երբ եք ձանձրանում: Լրագրողներն արդեն մասնագիտացած են և զգում են զրուցակցի տոնայնության ու առոգանության տատանումները, անգամ եթե զրույցը հեռախոսի միջոցով է: Այնպես որ հույս չունենաք, որ ձեր ասածներից ինչ–որ բան չի գրանցվի: Ավելին, այն կօգտագործվի ձեր դեմ մեկ տարի կամ 18 օր անց:

Նրանք հիշում են ձեր յուրաքանչյուր խոսքը. կապ չունի, թե ինչպես ես ինչ-որ միտք արտահայտել՝ զրույցի, նամակի, հեռախոսազրույցի, թե SMS-ի միջոցով: Լրագրողները հիշում են դրանք: Անհրաժեշտության դեպքում ձեզ էլ կհիշեցնեն այդ ամենի մասին, որովհետև նրանք այսպես ասած ծրագրավորված են, որպեսզի հիշեն իրադարձություններն ու խոսքերը, այնպես որ ուշադիր եղեք լրագրողների հետ զրուցելիս. մի մոռացեք, որ լրագրողները ձեր մտքերը կարող են տարբեր կերպ մեկնաբանել:

Նրանք խիստ և դաժան են գրագիտության հարցում։ Լրագրողը միշտ պատրաստ է ուղղել ձեր սխալներն, ընդ որում, խիստ ուսուցչի տեսքով: Շատ լրագրողների մոտ գրագետ խոսքի գաղափարը ներծծված է ԴՆԹ-ի մեջ: Այնպես որ դուք ստիպված եք ուշադիր լինել ձեր յուրաքանչյուր խոսքն արտահայտելիս, որովհետև, որպես կանոն, լրագրողը սկզբում տեսնում է սխալը, հետո նոր ընկալում բովանդակությունն ու իմաստը:

Նրանք հակում ունեն սոցիալական ցանցերի նկատմամբ։ Ինչպես նրանք մշտապես հոդվածներ են գրում, այնպես էլ մշտապես ակտիվ են Facebook-ում, Twitter-ում և այլ սոցիալական ցանցերում, որովհետև դա նրանց աշխատանքն է: Սոցիալական ցանցերի մասնագետ լինելը իհարկե չի նշանակում, որ նրանք առավոտից երեկո նկարներն են նայում, և եթե Ձեզ ծանոթ չեն SEO, ռեթվիթ, ներգրավվածություն, լայք, շեյր և այլ նմանատիպ բառեր, ապա ավելի ճիշտ կլինի խուսափել այդ թեմաներից խոսել:

Նրանք բծախնդիր են ռեստորանների և սրճարանների ընտրության հարցում։ Լրագրողները, որպես կանոն, կամակոր են, հատկապես, եթե խոսքը գնում է սրճարանի կամ ռեստորանի մասին: Նրանց համար շաուրմա ուտելն ուղղակի անթույլատրելի է: Եթե սխալմամբ առաջին հանդիպմանը նրան նմանատիպ տեղ հրավիրեք, երկրորդ հանդիպման մասին կարող եք միայն երազել: Իհարկե, սա չի նշանակում, որ ձեր լրագրողին միայն շքեղ և ճոխ ռեստորաններ կբավարարեն, այլ կարող եք ճշտել, թե ինչ յուրօրինակ և հետաքրքիր ռեստորաններ կան, որտեղ համակցված կլինեն հարմարավետությունը, ճաշակն ու հանգստությունը:

Նրանց միշտ չի հերիքում ժամանակը։ Բոլոր աշխատանքային խոսակցությունները, գործընկերների հետ շփումները և աշխատանքային իրարանցումները խիստ հոգնեցնում են լրագրողին, և նրա մոտ մենակ մնալու անհագ ցանկություն է առաջանում: Այդ ընթացքում նա հասցնում է հավաքել և համակարգել մտքերը: Երբ նա դուրս է գալիս ծանր աշխատանքային գործընթացից, ցանկանում է մենակ մնալ: Այդ ընթացքում նա վերականգնում է իր կորցրած էներգիան:

Հռիփսիմե Ասլիկյան