Տեխասի քրիստոնեական համալսարանի գիտնականները պարզել են, որ դանդաղ սնվելիս մարդը մեկ ժամ անց իրեն ավելի հագեցած է զգում:

Հետազոտության արդյունքները տպագրել էր Academy of Nutrition and Diabetics ամսագիրը:

Գիտնականները հայտարարել են, որ նախկինում կալորիաների ընդունման և սնվելու արագության միջև կապը հիմնականում վերլուծվում էր  առողջ կշիռ ունեցող մարդկանց մոտ: Այժմ ավելորդ քաշ և ճարպակալում ունեցող 35 մարդու և նույնքան առողջ քաշ ունեցող մարդկանց մոտ ուսումնասիրվել է կալորիաների ընդունման և սնվելու արագության հարաբերակցությունը: Երկու խումբն էլ երկու օր պարտավոր էին սնվել օրը մեկ անգամ վերահսկվող միջավայրում: Երկու ճաշատեսակն էլ միևնույնն էին յուրաքանչյուր խմբի համար, իսկ յուրաքանչյուր չափաբաժնի կալորիականությունը և կամավորների քաշը չափվում էին ուտելուց առաջ:

Սննդի առաջին ընդունման ժամանակ երկու խմբում էլ դանդաղ էին ուտում: Երկրորդի ժամանակ` շտապելով, արագ կծելով, արագ ծամելով և առանց դանակ-պատառաքաղից օգտվելու: Արդյունքում երկու խումբն էլ իրենց ավելի հագեցած էին զգում դանդաղ ուտելուց մեկ ժամ անց, իսկ շտապելով ուտելուց հետո քաղցն ավելի ուժեղ էր արտահայտվում:

Համաձայն ԱՄՆ տվյալների՝ երկրի բնակչության 1/3 ավելին ճարպակալում ունի: 

Գիտնականները պնդում են, որ տեղեկությունները այն մասին, թե ինչպես կարող են մարդիկ կրճատել իրենց քաշը` ավելացնելով սնունդը ծամելու ժամանակը, կարող է օգնել կալորիաների ընդունման կրճատման ռազմավարության մշակման ժամանակ: Բացի այդ, սննդի դանդաղ ընդունումը կարող է նվազեցնել ընդունվող կալորիաների ընդհանուր քանակը և ավելացնել հաճույքը, որը մարդիկ ստանում են սնվելիս: