Հանրահայտ դաշնակահար, ջազմեն Տիգրան Համասյանի' հայրենիքում 2014 թվականի առաջին համերգը իրեն երկար սպասել չտվեց: Երաժիշտը երկրպագուներին իրեն ունկնդրելու ևս մեկ հնարավորություն կընձեռի նաև այս տարի: Ինչպես տեղեկանում ենք համերգի կազմակերպիչ «TM պրոդաքշն» ընկերությունից, համերգը տեղի կունենա մարտի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համասյանը 2013 թվականի դեկտեմբերի 14-ին երևանյան հանդիսատեսին էր ներկայացրել իր «Ստվերների թատրոն» նոր երաժշտական ալբոմը: Երաժիշտը հանդես էր եկել իր բենդի հետ, որի կազմում են երգչուհի Արենի Աբգարյանը, կիթառահար Չարլզ Ալտուրանը, բաս Քրիստոֆեր Տորդինին, հարվածային գործիքներ նվագող Արթուր Հնաթեքը:

Համերգը «Հայկական դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիա» նախագծի շրջանակում էր, որն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Երկու տարեկան հասակից սկսում է լուրջ հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության հանդեպ: Ռադիոն, ձայնագրիչն ու երաժշտական գործիքները տղային ցանկացած խաղալիքից ավելի էին գրավում: Արդեն երեք տարեկանում նա անսխալ կարողանում էր երգել մեղեդիներ այնպիսի լուրջ խմբերի երգացանկից, ինչպիսիք են The Beatles-ը, Led Zeppelin-ը, Queen-ը, սակայն առանձնակի հաճույքով երգում էր Լուի Արմսթրոնգի երգերը: Յոթ տարեկանում լիովին արտահայտվում է նրա սերը ջազի հանդեպ. նա ողջ օրն սկսում է լսել ջազային տարբեր ոճերի ստեղծագործություններ և փորձում իմպրովիզացիա անել դաշնամուրով: Այնուհետև Տիգրանն ընդունվում է երաժշտական դպրոց: 1997 թվականին Համասյանների ընտանիքը տեղափոխվում է Երևան, և Տիգրանը ջազով լրջորեն զբաղվելու հնարավորություն է ստանում: Այնուհետև նա մշտական բնակության է մեկնում ԱՄՆ: 2009 թվականին Տիգրանը համերգներով այցելեց Երևան: Նա դուետով հանդես եկավ ուդահար և վոկալիստ Դաֆեր Յուսեֆի (Dhafer Youssef) հետ: Այսօր Տիգրանը նվագում է, ելույթներ ունենում իր խմբի և ջազի աստղերի հետ, ստեղծագործում, ընդունելով հրավերներ' հանդես է գալիս մենահամերգներով և մասնակցում աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող փառատոններին: 2013 թվականի ամռանը Համասյանը «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ Երևանում և մարզերում հանդես է եկել վարպետության դասերով: