Երբ տղան սկսում է իրեն հեռացնել քեզանից, նրան hետ բերելու ամենախելամիտ քայլը մի փոքր հեռու մղելն է: Մենք կբացատրենք, թե ինչու... և նաև ինչպես կարող ես կիրառել այս մարտավարությունը՝ նրան ընդմիշտ կողքիդ պահելու համար:

 

Ըստ Ռոբին Հիլմանթելի

Նա կարծես գոլորշիացել է, չկա... Երկու անգամ հաղորդագրություն ուղարկիր' նրան իրականություն վերադարձնելու համար, բայց հետո չմոռանաս բջջայինդ մի ամբողջ օր տանը թողնել: Երբ վերադառնաս, կգտնես ոչ թե մեկ, այլ մի քանի պատասխան հաղորդագրություն: Սա հենց այն պարզ երևույթն է, որ կոչում ենք էլաստիկ ժապավենի էֆեկտ:

 

Հիմնական գաղափարը հետևյալն է. պատկերացրու' դու և ընկերդ կապված եք մի հսկա էլաստիկ ժապավենով: Ամեն անգամ, երբ նա հեռու է գնում, հակազդելու լավագույն քայլն այն է, որ ինքդ էլ մի փոքր հետ քաշվես: Նման քայլից այդ երևակայական ժապավենն ավելի կձգվի... ու հանկարծ դիմացինդ կզգա քեզ մոտ վերադառնալու անհրաժեշտություն:

 

Գուցե սա խորամանկ կամ կեղծավոր քայլ թվա, բայց իրականում այդպես չէ. դու ուղղակի հասկանում և համապատասխան արձագանք ես տալիս քո տղամարդու պահանջին: «Տղամարդկանց համար ռոմանտիկ հետաքրքրությունն իրականում բաժանված լինելիս է ի հայտ գալիս,- ասում է հոգեբան Դենիս Բադըն Փոթսը:

 

- Եթե անընդհատ մեկի կողքին ես, նրա հանդեպ հետաքրքրությունն ու կիրքը մարում են: Հեռավորությո՞ւն է ուզում (գիտակցաբար կամ ենթագիտակցաբար), ընձեռիր նրան այդ հնարավորությունը։ Դրանից հետո նրա մեջ կրկին հետաքրքրություն կարթնանա:

 

Էլաստիկ ժապավենի էֆեկտը գործի դնելը հենց հետ քաշվելու մեջ է: Իսկ դա անելու համար պետք է անտեսես հիմնական բնազդդ: «Երբ կինը զգում է, որ տղամարդը քիչ-քիչ հեռանում է, բնազդաբար սկսում է փորփրել' հասկանալու, թե ինչ է կատարվում նրա մտքում, ինչն էլ ավելի է հեռացնում սիրելիին»,- ասում է Բադըն Փոթսը:

 

Փոխարենը' փորձիր գրկաբաց ընդունել նրա ցանկությունը, ավելին՝ ավելի շատ ժամանակ տուր, քան ինքն է ուզում: «Մեր օրերում մարդիկ բաժանումը դիտում են որպես սպառնալիք հարաբերությունների շարունակմանը,- ասում է հոգեբան, «Սիրո բացահայտված գաղտնիքները» գրքի հեղինակ Ալեն Բերգերը: - Բայց սա ճիշտ չէ: Դա ցանկացած առողջ հարաբերության անհրաժեշտ մասն է»:

Այսպիսով՝ դու կարող ես օգտագործել էլաստիկ ժապավենի էֆեկտը՝ ձեր հարաբերությունների յուրաքանչյուր փուլում նրա մեջ կրակը վառ պահելու համար:

 

1-ին փուլ. ընդամենը 5 րոպե է, որ ծանոթացել ես նրա հետ

Ենթադրենք' մի խնջույքի ժամանակ հաճելի արտաքինով տղայի ես հանդիպել: Կատակում եք, զրուցում, մեկ էլ հանկարծ նկատում ես, որ պատրաստվում է դուրս գալ պատշգամբ' մի հին ծանոթի ողջունելու: Ա՛յ հիմա հնարավորություն ունես օգտագործելու էլաստիկ ժապավենի էֆեկտը' նրան թակարդդ գցելու...: Մինչ նա կհասցնի ներողություն խնդրել և հեռանալ, ասա. «Մի քանի րոպեով ընկերներիս մոտ գնամ»... և գնա։ Հետո նա արդեն ինքը կգա քո հետևից...

 

2-րդ փուլ. արդեն մի քանի ամիս է' հանդիպում եք

Ըստ փորձագետների' սա այն փուլն է, երբ էլաստիկ ժապավենի էֆեկտը հատկապես կարող է վճռորոշ լինել: «Հարաբերություններն այնպիսի կետի վրա են, որ հնարավոր է զարգանան կամ դադարեն»,- ասում է Բադըն Փոթսը: Երկուսդ էլ փորձում եք որոշել' արդյո՞ք դիմացինն արժանի զուգընկեր կամ զուգընկերուհի է, կամ պատրաստ եք արդյո՞ք արդեն իսկ նման «պիտակ» կրել: Տղամարդիկ ու կանայք տարբեր կերպ են մոտենում այս ընթացքին:

 

«Տղամարդիկ ժամանակավոր դադար են ցանկանում՝ հասկանալու' արդյո՞ք ուզում են, որ իրենց կողքին մշտական կին լինի, մինչդեռ կանայք փորձում են որպես զույգ միասին ավելի շատ ժամանակ անցկացնել' հասկանալու, թե արդյո՞ք լավ են զգում տվյալ տղամարդու կողքին»,- ասում է Բադըն Փոթսը:

 

Մինչ դու պլանավորում ես միասին անցկացնել հանգստյան օրերը, նա, ամենայն հավանականությամբ, ցանկանում է ընկերների հետ որևէ տեղ գնալ: Եթե զրկես նրան այդ հնարավորությունից, իրեն վանդակում կզգա, ինչն արդեն հետդարձ կարող է նշանակել:

 

«Սեփական զգացմունքներից գլուխ հանելու համար տղամարդուն ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանա, թե որքան երջանիկ է քեզ նման կնոջ կողքին»,- ասում է մարդկային հարաբերությունների փորձագետ Դանիել Էլենբերգը: Ուրեմն վեր կաց ու ընկերներիդ հետ որևէ տեղ գնա հանգստյան օրերին: Ապա այդ ուրախ պահերից մի նկար ուղարկիր, հետո էլ շեշտիր, որ ընթացքում էլի կուղարկես: Այս քայլով նրան կհասկացնես, որ դեռ հետաքրքրված ես իրենով, բայց նաև քո սեփական կյանքն ունես:

 

Իսկ եթե ուզում է քո կյանքի մասը դառնալ, պետք է կողքիդ մնա. հակառակ դեպքում' իրեն կթողնես կյանքիդ «նախորդ էջում»: «Իսկ երբ սկսի հետդ համատեղ կյանք վարել, արդեն վստահ կլինես, որ դա ուզում է ոչ թե այն պատճառով, որ պարտավորված է զգում իրեն, այլ այն պատճառով, որ պատրաստ է դրան»,- բացատրում է Էլենբերգը և հավելում. «Այդ զգացողությունը վստահություն է ստեղծում հարաբերություններում' ուղի հարթելով դրանց զարգացման համար»:

 

3-րդ փուլ. երկար ու ձիգ տարիներ

 

Մի քանի ամիս կամ տարի միասին լինելուց հետո ձեր կյանքն ընթանում է սովորական հունով: Եվ երբ տղամարդը սկսում է իրեն հեռու պահել (նույնիսկ ոչ ակնհայտորեն, օրինակ' ընթրիքի շուրջ հետդ զրուցելու փոխարեն նախընտրում է հեռուստացույցի դիմաց ծամել), միանգամից սկսում ես անհանգստանալ, որ ինչ-որ բան այն չէ: Բայց դա չի նշանակում, որ սիրելի անձնավորությունն ուզում է ընդմիշտ հրաժարվել քեզ հետ հարաբերություններից:

 

Իրականում նման պահվածքը նորմալ է, ավելին' շատ բնորոշ է մարդ արարածին: «Նա բնազդաբար դեռ կարիք կունենա արժանանալու քո ուշադրությանը, ինչպես սկզբում էր»,- ասում է էվոլյուցիոն կենսաբան Շարոն Մոալեմը' «Ինչպես է սեքսն օգնում» գրքի հեղինակը: Պարզապես միշտ իր կողքին լինելու պարագայում տղամարդը քեզ սիրահետելու անհրաժեշտություն չի զգում:

 

Ո՞րն է այս փուլում էլաստիկ ժապավենի էֆեկտի օգտագործման լավագույն ձևը: Հետևիր նրա գործողություններին: Եթե ամեն երեկո աշխատանքի մեջ է խորասուզվում կամ հանգստյան օրերին տարվում է համակարգչային հիմար խաղերով, դու էլ նրա նման ուրիշ, քեզ հարազատ զբաղմունք գտիր, լինի դա որևէ նոր ֆիլմ դիտելը, թե ընկերուհիների հետ շաղակրատելը: «Հենց ուշադրությունդ կենտրոնացնես այլ երևույթների վրա, նա նորից քո սիրտը շահելու հնարավորություն կփնտրի»,- ասում է բժիշկ Մոալեմը:

 

Շարունակությունը՝ այստեղ: