Շախմատն այն սպորտաձևերից է, որտեղ պահանջվում է ուժ, արագություն և ինտելեկտ… Ի դեպ, խոսքը մտքի ուժի ու արագության մասին է… Հայ շախմատիստները, փառք Աստծո, ապացուցել ու ապացուցում են, որ աշխարհը կարող է ՅԱՆ ազգանունով հպարտանալ… Life.panorama.am այսoրվա զրուցակիցը գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն է.

 

-Օրեր առաջ Վարշավայում արագ ու կայծակնային շախմատի մրցումներ էին: Տպավորություններով ու հաջողություններով կկիսվե՞ք:

-Տպավորություններս լավ են, թեև այդ մրցաշարը առաջնային մրցույթ չէր, ուղղակի մարզումային առումով էր կարևոր:Վաղուց էի պլանաորել մասնակցել, այլապես չէի մասնակցի, քանի որ շատ հոգնած է: Բայց ասեմ՝ ինձ համար ընդհանուր առմամբ հաջող անցավ մրցաշարը:

 

-Եթե չեմ սխալվում, 700 մասնակիցների մեջ 12-րդ տեղում եք չէ՞:

-Այո… Թեև ասեմ, այդ յոթ հարյուրը հարաբերական է ասված: Սա մասսայական մրցաշար էր, մասնակիցները շատ-շատ էին, ու այդ թիվը մոտավոր է ասված: Ամեն դեպքում, արդյունքը վատը չէր…

 

-Բոլորովին վերջերս եք ամուսնացել: Հետաքրքիր է, երբ մրցումների եք մեկնում, ձեր կինը ձեզ ուղեկցո՞ւմ է:

-Դեռևս ոչ, քանի որ ամիսներ առաջ ենք ամուսնացել… Այս ընթացքում մրցաշարի մասնակցել ենք հավաքականով, իսկ հավաքականի տղաները բոլորն էլ աշխատում են միայնակ լինել, որպեսզի կարողանան կենտրոնանալ…

 

-Իսկ այդ հաճախակի բացակայությունները հարաբերություններում խնդիրներ չե՞ն առաջացնում:

-Ոչ-ոչ… Դեռ ոչ:

 

-Հայ շախմատիստներից ո՞ւմ հետ եք մտերիմ:

-Բոլորի հետ էլ շատ մոտիկ եմ: Ընդհանրապես բնույթով ընկերասեր եմ…

 

-Եթե չեմ սխալվում, Լևոն Արոնյանի հետ դեռ մանկուց ընկերներ եք չէ՞:

-Այո, քանի որ տարեկիցներ ենք… Մյուս տղաների հետ էլ մանկուց եմ շփվում, ուղղակի, երբ տարիքային տարբերություն է լինում, այդ ընկերությունը ինչ-որ մի տարիքի է սպասում, որ սկսվի… Օրինակ, 12 և 16 տարեկանների ընկերությունը, բնականաբար, դժվար է, իսկ երբ մի քիչ մեծանում են, այդ տարիքը չի զգացվում… Իսկ Լևոնի հետ թեև 11-12 տարեկանից մտերիմ ենք, բայց ընկերություն ավելի ուշ սկսեցինք անել՝ 17-18 տարեկանից, երբ արդեն միմյանց հետ շախմատ էինք պարապում…

 

-Գաբրիել, արդյոք շախմատիստները կյանքում էլ են շախմատային քայլերով առաջ գնում՝ ամեն ինչ մտածված:

-Դժվար է կոնկրետ պատասխանել… Ընդհանուր առմամբ, շախմատն ու կյանքի քայլերն իրար շատ նման են: Բայց ասել, որ շախմատիստներն էությամբ այդպիսին են՝ շատ դժվար է… գիտեք, կարող է մարդկանց համար տեսանելի չլինի, բայց շախմատիստները իրենց առօրյայով, ինտելեկտով, պահվածքով տարբեր են: Այլ բան է, որ մարդու բնավորությունը նաև շախմատում է երևում. զգույշ մարդը շախմատում էլ է ավելի զգույշ, համեստը՝ համեստ… այս ամենը զգացվում է:

 

-Օրինակ ձեզ, հաճախ, այդ համեստությամբ են բնութագրում:

-Երևի, ես չեմ կարող ասել…

 

-Բացի շախմատից, կա՞ այլ սպորտաձև, որով հետաքրքրված եք, կամ կցանկանայիք դառնալ այդ սպորտաձևի ներկայացուցիչ:

-Եթե ոչ շախմատիստ, ապա չգիտեմ, սպորտ կընտրեի, թե ոչ… Բայց մանկուց բոլոր սպորտաձևերի երկրպագու եմ եղել: Ժամերով նստում էի հեռուստացույցի առջև և օլիմպիական բոլոր խաղերին հետևում էի: Ինձ համար նշանակություն չուներ՝ ինչ մարզաևէ էր… Կարող եմ ասել՝ սպորտը իմ թուլությունն է…

 

Շարունակությունը՝ այստեղ: