Վարդուհի Վարդանյանը ծնվել է 1976 թվականի հունիսի 27-ին: 1992-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Այնտեղ, որպես փոխտնօրեն, աշխատում էր նրա մայրը՝ տիկին Աննան: Դեռ վաղ տարիքից շատ է սիրել երգել: Նա՝ ցանկացած իր որպես բարձրախոս օգտագործելով, երգում ու ձայնագրում էր սեփական կատարումները: Թերևս հենց դա էլ դարձավ ինքնակրթման յուրահատուկ ձև: Նրա ամենասիրած երգերի հավաքածուն կազմում էր 96 թերթանի տետրը, որտեղ գրված էին հին պիոներական երգեր: 1983-ին դպրոցում բացվում է երաժշտական խումբ, ուր սկսում է հաճախել նաև Վարդուհին: Հետագայում այն դարձավ Աշոտ Բզնունու ջազ-փոփ խումբ: 1986-ին Վարդուհին որոշում է երգն ավելի լուրջ հարթակ տեղափոխել ու սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած վոկալ խումբ: Այնուհետև ուսումը շարունակում է Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում: Այդ ընթացքում Վարդուհու մոտ ձևավորվում է երաժշտական ճաշակ: Նրա ամենամեծ երազանքն էր երբևէ զուգերգով հանդես գալ Ուիթնի Հյուսթոնի հետ: 1993-ին Վարդուհին ընդունվում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «անգլերեն լեզու և քաղաքագիտություն» բաժին: Ուսումն ավարտելուց հետո' 1999-ից, նա 2 տարի անգլերեն է դասավանդում Պուշկինի անվան դպրոցում: 1994-ին ընդունվում է Երևանի «Երգի Պետական Թատրոն» և 1995-ից սկսում է աշխատել այնտեղ: Իր անցած կարճ ճանապարհին Վարդուհին հասցնում է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթ-փառատոնների:


Նա Հայաստան է բերել 8-ից ավելի միջազգային բարձրագույն մրցանակներ ու պատվոգրեր: 1994-ին նա Ջազ-Փոփ համույթի հետ մասնակցում է Սվերդլովսկի «Ասուպ» երաժշտական մրցույթին և արժանանում է «Գրան-Պրի»-ի: 1996-ին մասնակցում է «Յալթա-Մասկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների մրցույթին և արժանանում է հատուկ մրցանակի: 1999-ին, «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» շրջանակներում, Վարդուհին արժանանում է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչմանը: 1999-ին մասնակցում է Բելոռուսի «Զալատոյ Շլյագեր» մրցույթին, ուր ստանում է երկրորդ տեղը: 2000-ին Մակեդոնիայի և Բուլղարիայի «Սլավյանսկիյ Բազառ» և «Դիսքավրի» մրցույթներում արժանանում է երկրորդ տեղերին: Նույն թվականին Մակեդոնիայում կազմակերպվում է մրցույթ բոլոր «Գրան-Պրի» մրցանակակիրների միջև, ուր Վարդուհին արժանանում է առաջին մրցանակին, իսկ «Մորիե Դռուզեյ» մրցույթում նա երկրորդն էր: 1997-ին Վարդուհին ամուսնանում է: Ամուսնու՝ Արամի հետ դեռ դպրոցական տարիներից էին ծանոթ: Արամը իրենց դիմացի բակից էր ու միշտ դասերից հետո միասին «կլասս» էին խաղում ու նոր տուն գնում: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Վարդուհու միակ որդին, ում կնքում են Վարդուհու հոր՝ Ռուբեն Վարդանյանի անունով: Ռուբենը մորից ժառանգում է երաժշտականությունն ու որոշում է ուժերը փորձել երգարվեստում ու մայրիկի հետ զուգերգ է ձայնագրում: Վարդուհու ու Արամի ամուսնությունից մեկ տարի անց ամուսնանում են Վարդուհու ավագ քույրն ու Արամի եղբայրը՝ Քրիստինեն ու Հովհաննեսը: Վարդուհին, լինելով միջազգային բազմակի դափնեկիր, առանց քննությունների ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի «Ջազ-Էստրադա» բաժնի երկրորդ կուրս, որն ավարտում է 2003 թվականին:

 

 

Շարունակությունը` այստեղ: