Հանրահայտ իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հերքել է լուրերն այն մասին, թե հեռացել է ամուսնուց՝ Վենսան Կասելից, ադրբեջանցի օլիգարխ Թելման Իսմայիլովի համար, հայտնում է РИА Новости-ն։

Օգոստոսի վերջին հայտնի էր դարձել, որ Բելուչին և Կասելն ամուսնալուծվում են։ Արևմտյան ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ դերասանուհին Իսմայիլովի հետ է։ Լուրերը «հաստատվել» էին, մասնավորապես, հաղորդագրություններով այն մասին, որ Բելուչիի ծննդյան օրը շնորհավորել է նաև ադրբեջանական մամուլը։

«Այդ լուրը, որը ես չգիտեմ որտեղից կարող էր հայտնվել, ոչնչի վրա հիմնված չէ»,- ասել է դերասանուհին Vanity Fair ամսագրի իտալական տարբերակին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Կասելի հետ բաժանումից հետո իր կյանքում այլ տղամարդ չկա։ Այն հարցին, թե Կասելը հանդիպո՞ւմ է այլ կանանց հետ, Բելուչին պատասխանել է, որ չգիտի այդ մասին։

Բելուչին հերքել է նաև ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հետ ունեցած սիրավեպի մասին լուրերը, ում հետ նա աշխատում է նրա նոր ֆիլմում։