Պարզվել է, որ քունը կարևոր դեր է խաղում մեթաբոլիկ հեմոսթազի պահպանման հարցում. քնի ժամանակ գլխուղեղի հյուսվածքներն ինքնամաքրվում են արթուն ժամանակ կուտակված նյարդային ակտիվության կողմնակի արդյունքներից:

Գիտնականների կողմից հայտնաբերվել է գլիմֆատիկ համակարգի ուղիների ցանց, որը ձևավորվում է նեյրոգլիայի բջիջներով (գլխուղեղի հյուսվածքներն օժանդակող բջիջների միավորում): Այդ տարածության մեջ մեծ արագությամբ շրջանառություն է կատարում ողնաշարի հեղուկը (լիկվոր): Գիտնական Մայքեն Նեդերգաարդի խումբը հաստատել է, որ նեյրոգլիայի բջիջները վերահսկում են լիկվորի հոսքը իրենց մեմբրաններում գտնվող ուղիների օգնությամբ:

Գլիմֆատիկ համակարգի ակտիվության փոփոխությունը քնած կամ արթուն վիճակում բացահայտելու նպատակով Նեդեգաարդը և նրա աշխատակիցները փորձարկումներ կատարեցին լաբորատոր մկների վրա: Մկների ողնաշարի հեղուկ երկֆոտոնային լազերային միկրոսկոպում քնի մեջ ընկնելուց հետո ներարկվում էր կանաչ գունանյութ, իսկ արթնանալուց հետո՝ կարմիր: Կանաչ և կարմիր գունանյութերի տարածումը գլխուղեղի հյուսվածքներով ցույց տվեց, որ քնած ժամանակ գլխուղեղով շատ ավելի մեծ ծավալով լիկվոր է անցնում, քան արթուն ժամանակ:

Կենդանիների գլխուղեղում էլեկտրոդներ տեղադրելու միջոցով գիտնականները եզրահանգում կատարեցին. քնած ժամանակ գլիալ ուղիները, որոնցով տեղափոխվում է ողնաշարի հեղուկը, 60%-ով ավելի լայն են, քան արթուն ժամանակ:

Նեդեգարդի խմբի ևս մեկ հայտնագործությունն այն էր, որ քնած ժամանակ գլիմֆատիկ համարգի ակտիվ գործունեության շնորհիվ գլխուղեղի հյուսվածքները մաքրվում են բետա-ամիլոիդային սպիտակուցից երկու անգամ ավելի արագ, քան գիտակից վիճակում: Ալցհեյմերի հիվանդության ամիլոիդային հիպոթեզի համաձայն՝ հիվանդության ծագման հիմնական պատճառը ամիլոիդային վահանիկների կուտակումն է գլխուղեղի հյուսվածքներում:

Քանի որ գլխուղեղն այդ վահանիկներից մաքրվում է քնած ժամանակ, արդյունքում հնարավոր է դառնում խուսափել այնպիսի նյարդադեգեներատիվ և նյարդաբանական հիվանդություններից, ինչպիսին Ալցհեյմերի հիվանդությունն է:

Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ քունը շատ կարևոր է մարդու համար: