«Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Մավր Մկրտչյանին ESem.am-ն անդրադառնալու առիթ ունեցել է: Օրերս Կոմիտասի անվան կոսերվատորիայի Խմբավարություն և կոմպոզիցիա ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողը հյուրընկալվել էր մեր խմբագրությունում: Զրույցի ժամանակ երգիչը խոսեց առաջիկա ծրագրերից և սպասվելիք նորություններից: Պարզվում է' Մավրը ժողովրդական երգերի սիրահարների համար անակնկալ ունի. նոյեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա նրա առաջին մենահամերգը:

«Որպես անհատ երգիչ' սա իմ առաջին մենահամերգն է, որը մի քանի նպատակ է հետապնդում: Նախ' առաջին անգամ եմ իմ հայրենիքում մենահամերգով ներկայանալու իմ հանդիսատեսին, երկրորդ' ցանկություն ունեմ ազգային, ժողովրդական երաժշտությունը ներկայացնել իմ մատուցմամբ,- ասաց Մավրը՝ հավելելով,- ծրագրում ընդգրկված է 20 երգ: Սկսելու ենք շարականներից, ավարտելու ենք մեր ժամանակակից, քաղաքային ֆոլկլորով»:

Ըստ երգչի՝ մենահամերգ ունենալու պահն արդեն հասունացել է, քանի որ հանդիսատեսն իրենից նորություն է սպասում: «Որպես կատարող առաջին անգամ հանդես եմ եկել «Ժողովրդական երգիչ» նախագծում, որից հետո էլ մարդկանց դրական արձագանքից ու վերաբերմունքից հասկացա, որ արդեն մենահամերգով հանդես գալու ժամանակն է: Մարդիկ ինձնից նոր բան են սպասում»,- ասաց Մավրը:

Խոսելով մենահամերգի պահանջված լինելուց' երգիչը նշեց. «Կարծում եմ' կան մարդիկ, ովքեր սպասում են իմ համերգին: Աշխատում եմ այն հանդիսատեսի համար, ով գնահատում է իմ գործը: Եթե իմանայի, որ իմ արածն ինքնանպատակ է, երբեք չէի գնա այդ քայլին: Թե դահլիճն ինչքանով լիքը կլինի, կիմանանք համերգից հետո»:
Մավրի հավաստմամբ' մենահամերգը սկզբից մինչև վերջ անակնկալ է լինելու հանդիսատեսի համար. «Բեմի լուավորությունից մինչև շոու ծրագիրը նոր է. համերգային ստանդարտ կաղապարներ չեն լինելու, անգամ հաղորդավար չենք ունենալու»:

Երգիչն արդեն մեկ ամիս է, ինչ նախապատրաստական բուռն աշխատանքների մեջ է. «Համերգի պատրաստվելը բարդ պրոցես է, ներքաշվեցի գործի մեջ, հետո հասկացա: Չեմ բողոքում, հաճույքով հաղթահարում եմ դժվարությունները»:
Երիատարդ կատարողը չի պատրաստվում այսքանով սահմանափակվել, նա առաջիկայում հավաքական համերգներով հանդես կգա արտերկրում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում:
Մինչև տարեվերջ պատրատ կլինի երգչի նոր՝ երկրորդ տեսահոլովակը, որը նկարահանվում է աշուղական երգերից մեկի հիման վրա: «Ես ի սկազբանե մի նպատակ եմ ունեցել ժողովրդական, աշուղական երգերը մատուցել նորովի՝ ժամանակի ոգուն համահունչ, որպեսզի մեր հին երգերը խորթ չլինեն երիտասարդությանը: Վերջին տարիներին կարծիք կա, թե ժողովրդական երգերը երկրորդական պլան են մղվել: Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց պատճառն այն չէ, որ մեր երգերը վատնն են, այլ այն, որ դրանք ներկայիս երիտասարդության ականջին խորթ են»:

Այժմ երգիչն աշխատում է իր առաջին ձայնասկավառակի վրա, որի թողարկումը զբաղվածության պատճառով անընդհատ հետաձգվում է. հավանաբար այն պատրաստ կլինի հաջորդ տարի:

 

 

Զրուցեց Մերի Պողոսյանը