Չին պաշտոնյան հեռացվել է աշխատանքից, երբ համացանցում է հայտնվել նրա լուսանկարը, որտեղ իրեն օգնում են անցնել թայֆունից հետո առաջացած խոշոր ջրափոսի միջով, քանի որ վերջինս չէր ցանկանում փչացնել իր նոր կոշիկները, տեղեկացնում է Daily Mail-ը:

Վանգ անունով հայտնի պաշտոնյայի լուսանկարը համացանցում հայտնվելուց հետո բազմաթիվ մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել: Չինական սոցիալական կայքերում բուռն քննադատության են ենթարկել վերջինիս:

Լուսանկարն արվել է, երբ պաշտոնյան այցելել է թայֆունից տուժած քաղաքը, որտեղ ջրհեղեղներին զոհ էր գնացել 10 մարդ:

Չինաստանի պետական Սինխուա տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ լուսանկարում երևում է, թե ինչպես են Վանգին գրկած տեղափոխում, որովհետև վերջինս թանկարժեք կոշիկներ էր կրում: