Եվրոպական տիեզերական գործակալության (European Space Agency) Mars Express աստղադիտակի միջոցով ստացված 3D պատկերները բացահայտել են մարսիական «Մեծ կանյոն» կիրճը, հայտնում է Daily Mail-ը:

Hebes Chasma կոչվող խոր հովիտը 315 կմ երկարությամբ ձգվող տարօրինակ գոյացություն է, որը տեղակայված է մարսիական հասարակածի գրեթե մեջտեղում՝ Valles Marineris կիրճի հյուսիսային եզրին:

Գիտնականները հույս են հայտնում, որ Hebes Chasma կիրճի և դրա հարակից ապառաժների հայտնաբերումը թույլ կտա նորովի ուսումնասիրել Մարս մոլորակի վրա տեղի ունեցած հնագույն երկրաբանական տեղաշարժերը:

Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express աստղադիտակը Մարսի վրա մի շարք ուսումնասիրություններ է կատարել, սակայն 8 լուսանկարներից բաղկացած խճանկարը նորովի և մանրամասնորեն է բացահայտում Hebes Chasma կիրճի էությունը, որը գիտնականները համեմատել են ԱՄՆ-ի «Մեծ կանյոն» կիրճի հետ:

Այն ձևավորվել է տեկտոնական գործընթացների ընթացում տարանջատվելով, որի ծագումը անմիջականորեն առնչվում է մոտակայքում գտնվող հրաբխային տարածաշրջանի հետ, որը Մարսի վրա ձևավորվել է դեռևս հնագույն ժամանակներում: