Երիտասարդ երգչուհի Ռուզաննա Անդրեասյանն օրերս Սևանի ափին նկարահանել է իր նոր' «Հեյ նայ-նայ» երգի տեսահոլովակը:

«Հեյ նայ-նայ» երգի երաժշտության հեղինակը հենց Ռուզաննան է, խոսքերը գրել է Գոհար Գզուլյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, Ռուզաննայի հագուստի հեղինակն էլ' Արփինե Կոշոյանը: «Նկարահանումները մեկ օր տևեցին, փորձել ենք հնարավորինս ուրախ ու ռիթմիկ տեսահոլովակ պատրաստել»,-ասաց երգչուհին:

Խոսելով նոր երգից ու տեսահոլովակից' Կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողուհին ասաց. ««Հեյ նայ-նայ»-ն իմ չորրորդ երգն է, որը մյուս երեքից շատ է տարբերվում. ավելի ռիթմիկ է: Հուսամ' հանդիսատեսի հավանությանը կարժանանա, իսկ արդյոք կսիրվի ու հիթ կդառնա՞, դժվարանում եմ պատասխանել. մինչ այս պահը, ով լսել է' հավանել է»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին' Ռուզաննան նշեց. «Այս պահին կդժվարանամ խոսել հետագա ծրագրերիցս, բայց մի բան հաստատ է' ձայնասկավառակ ու մենահամերգ չեմ ունենա, քանի որ կարծում եմ' դեռ պահը չի հասունացել, չեմ ուզում ինչ-որ բան ինքնանպատակ անել»:

Ռուզաննան նաև համագործակցում է մի շարք հայտնիների հետ, նա Մարտին Մկրտչյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Արման Հովհաննիսյանի, Աննա Խաչատրյանի և այլոց երգերից մի քանիսի հեղինակն է:

Ներկայացրեց Մերի Պողոսյանը