Այս օրերին հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը, ում ESem.am-ն անդրադառնալու առիթ ունեցել է, մասնակցում է “Elite model Look” միջազգային մրցույթի հայաստանյան փուլին:

Ըստ Աննայի' երբևէ չի մասնակցել մոդելային կամ գեղեցկության մրցույթի: Նրա խոսքերով' նման մրցույթին մասնակցելու պատճառները շատ տարբեր են. «Որքան էլ ես հարգեմ ու շնորհակալ լինեմ այն հեռուստաընկերություններին, որոնց շնորհիվ մի շարք հաջողությունների եմ հասել, պետք է նշեմ, որ այստեղ առաջ գնալու տեղ չկա: Ինքս իմ մաշկի վրա զգացել եմ, որ այստեղ ինչ էլ անես, միևնույնն է, լճանում ես, բոլոր ճանապարհները փակ են,- նշեց հաղորդավարուհին' հավելելով,- սա համաշխարհային շուկա մտնելու, նոր հաղթանակներ, բարձունքներ գրավելու և, ինչու չէ, նաև գումար աշխատելու հիանալի հնարավորություն է: Կարծում եմ' աշխատելով նման հեղինակավոր մրցույթի շրջանակներում' մարդը կատարելագործվում է: Այնտեղի պրոֆեսիոնալիզմը հաստատ տարբերվում է ու արդյունքն էլ այլ է լինում»:

Նշենք, որ Աննան ընդգրկվել է Հայաստանի լավագույն երեք մասնակիցների ցանկում, ովքեր սեպտեմբերի 30-ին կմեկնեն Վրաստան. «Այնտեղ մեկ շաբաթ թրեյնինգների կմասնակցենք, որից հետո կընտրվեն «Elite model Look Armenia 2013»-ը և «Elite model Look Georgia 2013»-ը, ովքեր էլ նոյեմբերին կմասնակցեն մրցույթի միջազգային փուլին ու կներկայացնեն իրենց երկիրը 70 երկրների շարքում»:
ESem.am-ը հաջողություն է մաղթում Աննային և խոստանում առաջիկայում մանրամասներ ներկայացնել:

 

Զրուցեց Արևիկ Իսաջանյանը